«Մանթաշյանց» գործարարների միության կազմակերպած տարվա ամփոփմանը ընթացքում միության նախագահ Վահրամ Միրաքյանը հայտնեց, որ դեռ 4 տարին չբոլորած միությունն արդեն ընդհանուր 350 անդամ ունի, որից 250-ը Հայաստանից են։ Նա նշեց, որ այս ընթացքում հասցրել են մասնաճյուղեր բացել Երևանում, Արցախում, Գյումրիում, Լոռիում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Դուբայում, Կրասնոդարում: Հաջորդ տարում նախատեսում են մասնաճյուղեր բացել Համբուրգում, Աթենքում, Փարիզում, Լոնդոնում, Թեհրանում, Տավուշում, Կապանում։
Միության նախագահի հաշվետվությամբ, ընդհանուր կազմակերպվել է 650 միջոցառում, որից 500–ը Երևանում, 208 ծրագիր կրթական բնույթ է ունեցել:
«Նախատեսել ենք մինչև 2025 թվականը ունենալ 50 մասնաճյուղ, ամբիցիոզ նպատակ է, դրա համար շտապում ենք, բայց պետք է այդ շտապելու արդյունքում չսխալվենք: Մենք նպատակ ունենք, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայ գործարարներն ունենան մի ընդհանուր հարթակ և մի հպումով կարողանան ստանալ իրենց հարցերի պատասխանները»,–ասաց Վահրամ Միրաքյանը։
Միջոցառմանը ներկա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, տարվա ընթացքում ակումբի անդամ գործարարների հետ ունեցել է 7 առանձին հանդիպում, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է 10 գործարար: Նա Հայաստանի տնտեսության զարգացման գործում, կարևորեց նաև «Մանթաշյանց» ակումբի ձեռներեցների ներդրումը, պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին։
Կարդացեք նաև
Անդրադարձավ տնտեսական աճին և գնաճին, հարցին՝ ասաց. «2023 թվականի վերաբերյալ բյուջեով նախատեսված է 7 տոկոս աճ, հինգ տոկոս գնաճ, թեև Կենտրոնական բանկը ասում է, որ տարվա կտրվածքով կլինի էլի յոթ տոկոս, քանի որ դեռ բարձր գնաճային ֆոնը պաշտպանվում է տարբեր երկրներում (…) Գնողունակությունը բարձրանում է, պահանջարկը շատանում է և մարդիկ սկսում են շատ սպառել տարբեր տեսակի գնումներ անել, որը բերում է նրան, որ գնաճը բարձր է լինում»։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ