Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ներդրումները մենք մի քիչ ձախողել ենք. Վահան Քերոբյան

Դեկտեմբեր 19,2022 18:02

2022 թվականը մեր հաշվարկներով ռեկորդային լավ է լինելու, մինչ այժմ ամենամեծ աճը եղել է 2003 թվականին՝ 14 տոկոս, այս տարի մոտ ենք դրան և եթե ավելին եղավ, կլինի ռեկորդային: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Մանթաշյանց» գործարարների միության կազմակերպած տարվա ամփոփմանը:

«Աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված, այս տարի Երևան են տեղափոխվել 100 500 մարդ, նրանց կեսը ոչ հայկական անձնագրերով է, այսինքն` 50 հազարը ՌԴ հայ քաղաքացի է վերադարձել, իսկ մնացածը ուկրաինացի և ռուս են։ Այս մարդկանց մեջ զգալի մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, իսկ երկրորդ ալիքով արդեն տարբեր մարդիկ եկան»,–ասաց նախարար Քերոբյանը և նշեց, որ նրանք տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն ունեցան։

Ի դեպ, տնտեսական աճի վրա ռելոկացիայի ազդեցությունն այնքան էր ոգևորել ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որ նա «2022 թվականի տնտեսական տարվա ամփոփում և 2023 թվականի անելիքներ» վերնագրած շնորհանդեսում կարմիր թելի նման անընդհատ շեշտում էր ռելոկացիայի «ձեռքբերումը»: Տպավորությունն այնպիսին էր, կարծեք թե ռելոկացիան ամրագրված էր ՀՀ կառավարության ծրագրով և 2022 թվականի պետբյուջեով: Հարց է առաջանում. ժամանակավոր բնույթ կրող ռելոկացիայի նվազման կամ առավել ևս վերացման դեպքում եթե տնտեսական աճը նվազի, որևէ քայլ նախատեսե՞լ է ՀՀ կառավարությունը: Այս և մի շարք հարցեր, որ առաջացան Քերոբյանի շնորհանդեսից , անշուշտ, փորձեցինք ճշտել նախարարի հետ, սակայն նա վայրկյան իսկ կանգ չառավ ու չպատասխանեց որևէ լրագրողի հարցի:

Ի դեպ, Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ինքն այս կառավարության ամենաերկար աշխատած նախարարն է, արդեն երկու տարի է , ինչ աշխատում է: Նրա գնահատականով, կառավարության անդամի արդյունավետությունը երևում է երկար աշխատանքով, քանի որ այդ դեպքում իրականացրած ծրագրերը արդյունք են տալիս։ Մինչ Էկոնոմիկայի նախարարը թվարկում էր իր պաշտոնավարման ձեռքբերումները, հանդիպմանը ներկա մոտ տասնյակ գործարարներ լքեցին դահլիճը:

Անդրադառնալով արտադրողականությանը՝ Քերոբյանը նշեց, որ այն այս տարի մոտավորապես 30 տոկոսով աճել է։ Նա հիշեցրեց, որ այս տարի տնտեսության արդիականացման ծրագիր են ներդրել, որի արդյունքում կառավարությունը սուբսիդավորում է ձեռք բերված սարքավորումների, հոսքագծերի լիզինգի կամ վարկի տոկոսները։ «Նոյեմբերի վերջի դրությամբ 614 ընկերություն 42 միլիարդ դրամի սարքավորումներ են ձեռք բերել․ ամեն ամիս 10 միլիարդով ավելանում են: Հա, քանի հոգի գիտի այս ծրագրի մասին, ձեռք բարձրացրեք»,–հարցրեց Քերոբյանը՝ ինքն էլ հետը, 6 հոգի ձեռք բարձրացրեցին:

Հետո, նույն ոգով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլի մի քանի ծրագրերի մասին հարցրեց Քերոբյանը՝ հավանաբար հույս ունենալով, թե տեղեկացվածների թիվը կաճի, ավաղ, սին էին էկոնոմիկայի նախարարի հույսերը, միակ ծրագիրը, որից առավել թվով գործարարներ էին տեղյակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության ծրագիրն էր:

Պարզվեց, որ այս կառավարությունն, այնուամենայնիվ, ձախողում էլ է ունենում, բայց՝ մի քիչ. «Ներդրումները մենք մի քիչ ձախողել ենք այս տարի, որովհետև 2021 թվականին մեզ մոտ ներդրումներ–ՀՆԱ հարաբերակցությունը 17,9 տոկոս էր, այս տարի դեռ 17,7 տոկոսի է, առաջին 3 եռամսյակի արդյունքներով։ Մասնավոր ներդրումների ամսով լավ ենք, բայց կապիտալ ներդրումները շատ վատ վիճակում է, երևի բյուջետային ծախսերը 30 տոկոսն ենք արել, և օտարերկրյա ուղղակի ներդրումներով էլ լավ չենք»,-խոստովանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031