Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր մարդու հոգում իր ժողովրդի հոգեկան պատկերն է. Հարություն Հովհաննիսյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միությունում

Դեկտեմբեր 19,2022 17:54

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի Նկարիչների միությունում տեղի ունեցավ հայկական գրաֆիկայի ճանաչված վարպետներից Հարություն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Ի դեպ, սա ժառանգների կազմակերպած արդեն չորրորդ նման ցուցահանդեսն է։

Հարություն Հովհաննիսյանը ծնվել է 1922 թվականին՝ Վանից գաղթած և Հոկտեմբերյանի Նալբանդյան գյուղում հաստատված կարպետագործ Սեդրակի և Հռիփսիմեի ընտանիքում։ Նույն գյուղում էլ ստացել է միջնակարգ կրթությունը:

Արդեն 1930-ական թվականներին պատանի Հարությունին բաժին է վիճակվում մոտիկից ապրելու պաշտամունքի տարիների մղձավանջը․ աքսորվում է հայրը և այլևս չի վերադառնում: Երիտասարդ Հարությունը նույնպես անմասն չի մնում Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներից․ անցնում է աշխարհամարտի մահացու ճանապարհով, վիրավորվում և գերի է ընկնում, սակայն ապրելու անհաղթ ոգին տեղի չի տալիս։ Ճակատագրի ձեռքը դուրս է բերում նրան գերությունից և կրկին կանգնեցնում հայրենի հողին, որտեղ նա շենացնում է իր օջախն ու անմնացորդ նվիրվում արվեստին։

Հարություն Հովհաննիսյանի որդին՝ Սեդրակ Հովհաննիսյանը

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը

Հարություն Հովհաննիսյանը սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է հայկական գրաֆիկայի վարպետներ Հակոբ Կոջոյանի և Արարատ Ղարիբյանի սանը։ Ստեղծագործական առաջին լուրջ հայտը կատարում է 1950-ական թվականների սկզբներին՝ բուհական շրջանավարտների համամիութենական ցուցահանդեսին ներկայացնելով «Բամբակի ծրարումը» նկարաշարքը: Դրան հաջորդում է օֆորտի փափուկ լաք տեխնիկայով կատարած «Արևոտ օրը»: Այս առաջին գործերը վկայում են հայրենի հողի նկատմամբ ունեցած սիրո մասին՝ մի զգացում, որն ուղեկցել է նկարչին ստեղծագործական ամբողջ կյանքում: Նրա գրաֆիկական թերթերում լուսավոր ու լավատեսական երանգներ կան և երիտասարդ նկարչի համար հազվադեպ՝ պատկերի ընկալման ամբողջականություն: Այդ տարիներից սկսած նկատելի է դառնում ձգտումը գրաֆիկական նկարաշարերի ստեղծման հանդեպ, որն անհրաժեշտաբար ենթադրում է բովանդակության շարունակում և ծավալում:

Հայրենի մշակույթի պատմության թեման միջոց է ծառայել երկրի անցյալի և ժողովրդի ստեղծագործ ոգու հանդեպ իր նվիրումը դրսևորելու համար: Հուզական տրամադրությամբ է պարուրված ամեն մի մանրամասն, ամեն մի հատված, որոնք միշտ բանաստեղծական են ու գրավիչ:
Հմտորեն օգտագործելով սև գույնի երանգները, լայնացնելով լանդշաֆտը, փոփոխելով հորիզոնի գիծը՝ մեծապես ակտիվացվում է երկնքի դերը, որը լույս ճառագելով՝ ավելի է ընդգծում նկարվող մակերեսները, ստեղծում լարված, փոթորկահույզ վիճակ, ուր ասես իրար են բախվում բնության հզոր տարերքները:

Նկարիչն իր ստեղծած յուրաքանչյուր դիմապատկերում մի սրբազան առանձնահատուկ պատմություն է տեսնում, միաժամանակ, նրա մեջ կարծես բոլոր մարդկանցից մի բան ավելացնում:

«Յուրաքանչյուր մարդու հոգում իր ժողովրդի հոգեկան պատկերն է երևում»,- սիրում էր ասել Հարություն Հովհաննիսյանը: Հայաստանը և հայ մարդը նկարչի համար դառնում են որոնման անսպառ նյութ:

Հարություն Հովհաննիսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական, համամիութենական և արտասահմանյան տարբեր սրահներում. Շրի Լանկա՝ ասիական երկրների նկարիչների, Լուվրում՝ «Ուրարտուից մինչև մեր օրերը», Հայաստանի նկարիչների, Շվեդիայի և Դանիայի խորհրդային նկարիչների՝ մշակութային օրերի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսներում, ինչպես նաև Հոլանդիայում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Պորտուգալիայում:

Հովհաննիսյանի՝ որպես արվեստագետ-քաղաքացու մասին մեր խոսքը թերի կարող է մնալ, եթե չանդրադառնանք նրա մանկավարժական բեղուն գործունեությանը: Շուրջ քառորդ դար նա դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում՝ իր գիտելիքները նվիրաբերելով մանկավարժ-նկարիչների պատրաստման գործին:

1998 թվականի նոյեմբերի 7-ին՝ 76 տարեկանում կնքելով մահկանացուն՝ Հարություն Հովհաննիսյանն իր հետ տարավ բազում չիրականացված մտահղացումներ ու արհեստավարժության իր յուրօրինակ գաղտնիքները, թողնելով, սակայն, ստեղծագործական հարուստ ժառանգություն, որը սովորելու և տեխնիկայի բացահայտման գերազանց դպրոց է։

Հայաստանի նկարիչների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031