Վաշինգտոն – Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) դեկտեմբերի 16-ին առաջնորդեց Կոնգրեսի 29 անդամների կողմից ստորագրած մի նամակ, որում նախագահ Բայդենին խնդրում է դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին և ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնությունն ուղարկել Արցախ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Նամակով դատապարտվում է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և ավելին՝ արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը: Շրջափակումը պարտադրվեց Ալիևի ռեժիմի կողմից 2022թ.-ի դեկտեմբերի 12-ին և ազդել է 120,000 հայերի, այդ թվում՝ 30,000 երեխաների վրա, ովքեր հասանելիություն չունեն սննդին, բժշկական պարագաներին, տրանսպորտին և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներին՝ և վերջապես՝ «զրկելով նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքից»:
Նամակում ընդգծվում է, որ «Ադրբեջանը կրկին՝ որպես զենք է կիրառում մարդկային տարրական կարիքները՝ Արցախում ապրող հայերի համար առանց այն էլ լարված կենսական պայմանները էլ ավելի նվաստացնելու համար», և եթե այս իրավիճակը շարունակվի, «սպառնում է դառնալ հումանիտար ճգնաժամ՝ պոտենցիալ ողբերգական հետևանքներով»։
Բացի այդ, Ադրբեջանի գործողությունները «ուղղակի խախտում են 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, որը նախանշում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու պարտավորությունը երկու ուղղություններով այս ճանապարհով, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք»:
Կարդացեք նաև
Արցախի ժողովուրդը դեռ չի վերականգնվել 2020թ.-ի աշնան 44-օրյա պատերազմից, որը սանձազերծեց Ադրբեջանը՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, և ԱՄՆ-ի կողմից լուրջ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու կոչերը ձախողվել են։
«Դաշնային կառավարությունը ձախողեց համապատասխան օգնություն տրամադրել, ինչն ավելի կարևոր է դարձնում վարչակազմի վճռական գործողություններն այժմ»,– հայտարարվում է նամակում՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից շարունակական «ռազմատենչությունը, որը հետևել է Արցախի հայ բնակչության դեմ չարաշահումների լավ փաստագրված մոդելին՝ Ալիևի ռեժիմի ճոռոմ հռետորաբանությամբ մոտիվացված»:
Նամակում եզրակացվում է. «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ այժմ և ապագայում, այդ թվում՝ դադարեցնել ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի ագրեսիայի և ահաբեկման քաղաքականությունը շարունակվի»:
«Մենք ողջունում ենք կոնգրեսական Շիֆին՝ այս ճիշտ ժամանակին կազմված նամակը գլխավորելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի դեմ, որն առաջացրել է հումանիտար ճգնաժամ, չի կարող շարունակել անպատիժ մնալ։ Մենք հորդորում ենք վարչակազմին վճռական գործողություններ ձեռնարկել հայ ժողովրդին պաշտպանելու համար և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել իր կողմից մարդու իրավունքների շարունակական և կոպիտ ոտնահարումների համար»:
Կոնգրեսական Ադամ Շիֆից (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) բացի նամակը ստորագրողներ են և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ՝ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա), ինչպես նաև կոնգրեսականներ՝ Թոնի Քարդենասը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Խոակին Կաստրոն (Դեմոկրատ, Տեխաս), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Կեթրին Քլարկը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմի Գոմեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոշ Գոթհայմերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռաջա Կրիշնամուրթին (Դեմոկրատ, Իլինոյս), Ջեյմս Լանգեվինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բարբարա Լին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սուսի Լին (Դեմոկրատ, Նևադա), Թեդ Լիու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջեյմս ՄաքԳավերնը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գրեյս Մենգը (Դեմոկրատ, Նյու Յորք), Գրեյս Նապոլիտանոն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սքոտ Փիթերսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնսը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Էբիգեյլ Սպանդերբերգը (Դեմոկրատ, Վիրջինիա), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա), Սյուզան Ուայլդը (Դեմոկրատ, Փենսիլվանիա):
Ամերիկայի հայկական համագումար