«Եթե մենք ունենք ազգակործան ղեկավար, որեւէ բան չենք կարող տանել դեպի հաղթություն, չենք կարող այս հիվանդ մթնոլորտն առողջացնել: Մարդն ի՞նչ է անում այս դրամատիկ պահին, երբ երկիրն ենք կորցնում, շարունակում ենք կորուստներ ունենալ սահմաններին, խոսում է մանկապարտեզի սվաղից, խոսում է կտրոններից»,- «Հայելի» ակումբում նշեց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը ծաղրում է մեզ եւ վարչապետի ինստիտուտը. «Եվ ազգային հերոսի կոչումը ծաղրվեց, հանձնեց, հետո ասաց՝ կաշառակեր ես, ամեն բան ծաղրվեց: Հերթական ծաղրանքն էլ այն էր, որ Նժդեհին ֆաշիստ անվանվողը նշանակվում է ԿԳՄՍ նախարար: Ես ասել եմ, որ չեմ զարմանա, եթե մի օր էլ Նժդեհի արձանը ապամոնտաժեն, եւ իրենց արձանները կանգնեցնենք: Որեւէ լուրջ բանի հետամուտ լինել անհնար է, քանի դեռ կա սա, կա այս խմբակը»:
Խաչիկ Մանուկյանն ընդգծում է. «Այս ամենը տեսնում են նաեւ աշխարհի մեծերը, եթե մենք սրանից, նրանից պահանջում ենք որեւէ բան, մեզ քամահրանքով են նայում: Ասում են՝ դուք ձեր պարտության սիմվոլին եք ընտրել եք, ձեր հաղթած զինվորին պարտության շորեր հագցնողին եք ընտրել, մեզանից ինչ եք ուզում: Ակնհայտ էր, չէ՞, որ հերոսների պահած տարածքները, որ հանձնվեցին, աստիճանաբար հետ էին բերվելու, եթե պատերազմը շարունակվեր, բայց ինքն ի՞նչ արեց, գնաց, կատվի մլավոցով ելույթ ունեցավ, ու տեսաք՝ ինչ արեց:
Կապիտուլյացիա բառն էլ է մեր դեպքում մեղմ է, սա երկիրը վերացրեց, ինչ կապիտուլյացիա, ինչ լուծումներ… Իսկ իննսունականներին դիմացանք, որովհետեւ ունեինք այնպիսի սպարապետ, որն ասում էր՝ ամենամեծ ստեղծագործությունն ազատագրված հողն է: Նրան նեցուկ էին բոլորը, աջակից եղան եւ արցախցիները, եւ Հայաստանի ժողովուրդը, դրա համար հաղթանակ ունեցանք…»:
Կարդացեք նաև
Խաչիկ Մանուկյանը ցավով է նշում, որ այսօր մտածող մարդկանց, գրողներին, մտավորականներին լսող չկա. «Հիմա իմ ձայնը լսելի չէ, իմ հազարավոր եղբայրների ձայնը լսելի չէ, որովհետեւ ձեռք չի տալիս այսօրվա քաղաքական ծախված գոյանքներին, չեն ուզում թույլ տալ, որ մի առողջ միտք ներկայանա…Դեռեւս 15-րդ դարում Շեքսպիրն ասում էր՝ ոսկին տար առջեւիցդ, որ բոլոր ճանապարհները բացվեն քո առաջ: Այսօր էլ նույնն է… Ինչու չգիտեն, որ թուրքը չի կարող բարեկամ լինել, ինչի չգիտեն, որ անգլիացի լրտես Արաբացին հայտարարում էր, որ հայերին լավ չեն կոտորել: Եվ սրանք իրենց համարում են հումանիստներ, մինչդեռ մոլորակի սպառողներն են: Մեր չարչարվող, տառապող, թշվառ ազգը ընկել է մոլորակի այս սպառողների հույսին: Ախր, սրանք չեն եկել մեզ օգնելու, եկել են բանկերը մեզանից խլելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ