«Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել…
Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն…». Հրանտ Մաթևոսյան
20 տարի առաջ այս օրը՝ 2002թ. դեկտեմբերի 19-ին, կյանքից հեռացավ մեր ժամանակի մեծագույն գրողներից մեկը՝ Հրանտ Մաթևոսյանը:
2019թ. Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր անվանի արձակագրի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ:
Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել էր Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը, սեղան նստել ու հաց կիսել գրողի հարազատների հետ:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Մաթևոսյանները հետաքրքիր պատմություններ էին հիշել Հրանտ Մաթևոսյանի կյանքից, ուշագրավ դրվագներ պատմել, անդրադարձել նրա ստեղծագործություններին։
Նախագահը նշել էր, որ իր համար մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել, և որտեղից հոգևոր սնունդ են ստացել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները:
«Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»,-ընդգծել էր նա։
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ