Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչե՛լ Արցախի անկախությունը, դիմել ՄԱԿ-ին. Ցույց անող ուսանողներին կառավարությունում ընդունել են, լսել պահանջներն ու ասել, թե անում ենք

Դեկտեմբեր 19,2022 16:07

Արդեն 8 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է: Այսօր «ԵրիտԱրցախ» ուսանողական շարժումը բողոքի ցույց էր կազմակերպել արցախահայերի մասնակցությամբ:

Նրանք ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտից քայլերթով շարժվեցին դեպի կառավարության շենք:

Լրագրողների հետ զրույցում միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Աննա Դարբինյանն ասաց, որ եթե մինչ այս Հայաստանում գործող միջազգային բոլոր կազմակերպություններին, դեսպանատներին ներկայացրել են պահանջագրեր, ապա այսօր երթուղին փոխելու են ու պահանջագիր են ներկայացնելու ՀՀ գործադիր մարմնին. «Պահանջագրի կետերն ամրագրված են իրավական հիմքով՝ ելնելով այն հանգամանքից, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրող ու դոմինանտ կողմերից մեկը ՀՀ կառավարությունն է: Այդ համաձայնությամբ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ուստի պետք է պահանջատեր լինենք, որ Հայաստանը ձեռքերը չլվանա Արցախից ու պահանջագիր ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ ՌԴ-ին»:

Առայժմ միջազգային կառույցներին ուղղված նամակներն անպատասխան են մնացել:

Աննա Դարբինյանն ասաց, որ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը մեծ աղմուկ է բարձրացրել. «Այսօր ավելի շատ իրենց իրավասություններ են վերապահում քննադատել շարժումը: Ուզում եմ հիշեցնել այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվում մասնակցե՞լ ցույցերին, թե՞ ոչ՝ մենք ապակուսակցական կողմնորոշում ունենք ու եթե որոշ կուսակցություններ կապ են հաստատում մեզ հետ, քաղաքական ուժեր ուզում են գալ, աջակցել, համագործակցել մեզ հետ, դա չի նշանակում, որ մենք հովանավորվում ենք որեւէ քաղաքական կուսակցությունից, կազմակերպությունից, կառույցից: Մենք բաց ենք համագործակցության համար այն ուժերի հետ, որոնք համաձայն են մեր պահանջագրի կետերին ու պատրաստ են իրենց ներկայությունն ապահովել ցույցերին»:

Արցախցի ուսանող Մարիամ Հայրյանն ասաց, որ իր ընտանիքի անդամները՝ ծնողները, հարազատներն Արցախում են ու տեղեկանում է, որ գնալով խնդիրները ահագնանում են. «Հայաստանը պետք է լինի Արցախի կողքին, միասին պետք է օգնենք արցախահայությանը, Արցախ աշխարհին: Ես ծնվել, մեծացել եմ Արցախում, մի քանի տարի է` Հայաստանում եմ, ուսանում եմ: Իմ հարազատները փոխանցում են, որ ավելի ակտիվ լինենք: Բոլորի ներկայությունը այս ցույցերում շատ կարեւոր է ու դուք կարող եք լինել այդ փոփոխող ուժը, իմանաք, որ կարեւոր գործ ենք անում այս պահին: Մեր 1-2 ժամ այս ցրտին մասնակցություն անպայման իր արդյունքները կտան: Հուսանք ճանապարհները մինչեւ Ամանոր կբացվեն, ես ամեն տարի Արցախում եմ նշում Ամանորը»:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Անաստասիա Կիրակոսյանն ասաց, որ պայքարը շարունակվում է ու ընդլայնվելու է ու եթե երիտասարդներն են ոտքի կանգնել, այս խնդրին պետք է լուծում տրվի. «Պետության ներսում տեղի ունեցող ցանկացած իրադարձության պատասխանատուն իշխանություններն են ու կառավարությունը, մենք պահանջներ ենք ներկայացնելու նրանց»:

Ուսանողները հայտարարեցին, որ «ԵրիտԱրցախ» նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ բնապահպանական շինծու քողի տակ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը. «Մենք եւս մեկ անգամ հավաստում ենք, որ նմանատիպ պայմաններում արցախահայության անվտանգությունը Ադրբեջանի կազմում երաշխավորված լինել չի կարող»:

ԵՊՀ երրորդ կուրսի ուսանող Տիգրան Աղաջանյանն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ գրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, նաեւ եռակողմ հայտարարությունն է Հայաստանը ստորագրել, ուստի իրավական առումով էլ չի կարող անմասն մնալ արցախահայության խնդիրներից: Ուստի պահանջագրի մեջ նշել են, որ բոլոր հնարավոր մեխանիզմներով Բերձորի կյանքի ճանապարհը կառավարությունը պետք է բացի:

Ուսանող Գուրգեն Դանիելյանն ասաց, որ արցախահայության մարդասիրական աղետի կանխման համար ՀՀ-ն պատասխանատու է. «Այդ պատասխանատվությունը պետք է դրսեւորվի ավելի գործուն միջամտությամբ, ոչ թե քաղաքական հայտարարություններով»:

Ցուցարարները «Կյանքի ճանապարհին ազատություն», «Բերձորի միջանցքին ազատություն» վանկարկումներով հասան կառավարության շենք: Նրանք ներկայացրեցին պահանջագրի 4 կետերը.

1. Հավուր պատշաճի ձեւավորել պաշտոնական միջնորդություն եւ սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ: Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլեւս վերացական մտահոգություններով սահմանափակվելը առնվազն թողտվություն է եւ հարիր չէ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությանը:

2. Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ գործողությանը համապատասխան 1991-ի դեկտեմբերի 10-ի «Արցախի անկախության հանրաքվե» որոշումը, ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ։

3. Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Արցախում եւ Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայելու պահանջով։

4. Հանրային կերպով տալ հստակ քաղաքական դիրքորոշում՝ արդյոք շարունակո՞ւմ եք պնդել, որ Ադրբեջանի կազմում հնարավոր է ապահովել արցախահայության անվտանգությունը:

«ԵրիտԱրցախ» նախաձեռնության ներկայացուցիչներից ու Արցախի ներկայացուցիչներից 5 հոգով կառավարության շենք մտան ու հանդիպեցին Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին: Հանդիպումից հետո ուսանողներն ասացին, որ զուտ դիմումը վերցրել են, էլեկտրոնային փոստի հասցեներ վերցրել ու սպասում են արձագանքին:

Կառավարությունից ասել են, որ արձագանքը կլինի 1-2 շաբաթվա ընթացքում, բայց փոխանցել են, թե ձեր պահանջած կետերը կառավարությունն արդեն կատարում է: Այս պնդումը հույս չի ներշնչել ուսանողներին: Գուրգեն Դանիելյանն ասաց. «ԵրիտԱրցախ» նախաձեռնության հետ քաղաքական զրույցների ժամանակ ԱԺ-ում իշխող խմբակցության ներկայացուցիչներից, անուններ չնշեմ, բայց սարկաստիկ տոնայնությամբ հանդես եկան, թե՝ Ռուսաստանից պետք է պահանջել, մենք չենք փակել միջանցքը: Մենք շատերս միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ ենք ու հասկանում ենք, որ կան հստակ քաղաքական մեսիջներ, որոնք հանրային մակարդակով չեն կարող բարձրաձայնվել, բայց այդպիսի սարկաստիկ տոնայնությամբ խոսակցությունները երիտասարդության մոտ մտահոգություններ են առաջացնում, որ այդ գործուն միջամտությունները այնքան էլ չեն իրականացվում: Մենք ակնկալում ենք գործուն միջամտություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031