Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը VBET-ի, «Աջարաբեթի» կամ Toto-ի դեմ չէ, խաղամոլության դեմ է ». Գեւորգ Պապոյան

Դեկտեմբեր 19,2022 15:38

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որի հեղինակը ՔՊ-ական Գեւորգ Պապոյանն է:

Գեւորգ Պապոյան

Գեւորգ Պապոյանը նախ ներկայացրեց օրենքը, ապա նշեց, որ այսօր կա հեռուստաընկերություն, որի անվանումը հիշեցնում է վիճակախաղ, տոտալիզատոր կամ շահումով խաղ. «Ես որպես հեղինակ՝ ուզում եմ մեկ բանավոր առաջարկ հնչեցնել, եւ եթե հանձնաժողովը նպատակահարմար կգտնի, կառաջարկեմ այդ տարբերակով առաջ գնանք: Մասնավորապես հինգ տարի ժամկետը փոխարինել վերջին տասը տարի ժամկետով»:

Ինչ վերաբերվում է Գովազդի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն, նրա խոսքով, կառավարությունն առաջարկել է համապատասխանեցնել Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասին. «Դրանք տեխնիկական, իրավական բնույթի հարցեր են, եւ ամբողջովին ընդունելի է եղել»:

Պատգամավորներից մեկի հարցին՝ օրինակ, եթե մի ժամանակ եղել է «Բարի լոտո» շահումով խաղ, որն արդեն չկա, ու ինչ-որ մեկը հիմա որոշել է բացել «Բարի TV», ի՞նչ խնդիր կա այդտեղ, եթե շահումով խաղն այլեւս գոյություն չունի, մի՞թե այդ TV-ն կարող է քեզ դրդել խաղալ «Բարի լոտո», որն այլեւս գոյություն չունի, Գեւորգ Պապոյանն ասաց, որ այդ տարբերակը մերժվել է, «Բարի լոտոյի» տարբերակը դուրս է եկել: Ապա հավելեց. «Հիմա ավելի ֆունդամենտալ հարց կա: Բոլորը շահումով խաղեր են, կազինոներ եւ տոտալիզատորներ: Մեր խնդիրը որեւէ շահումով խաղի դեմ չէ, որեւէ տոտալիզատորի դեմ չէ: Մեր խնդիրը VBET-ի, «Աջարաբեթի» կամ Toto- ի դեմ չէ, մեր խնդիրը խաղամոլության դեմ է: Մեր խնդիրը կազմակերպության դեմ չէ: Եվ եթե որեւէ կոնկրետ անուն, իմ նշած երեքից որեւէ մեկը մեր բոլորի մոտ ասոցիացիա է առաջացնում շահումով խաղի հետ, խաղադրույքի ու կազինոյի հետ, հետեւաբար դառնում է անուղղակի գովազդ: Դա է պատճառը, որ առաջարկում եմ փաստացի տասը տարվա մաքսիմալ մոռացության տրված լինի»:

Սիսակ Գաբրիելյան

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւս նշեց , որ նպատակը այդ ընկերությունների վերացումը կամ ճնշումը չէ. «Հուրախություն մեզ՝ նրանց մի մասը, գոնե երկուսը, այլ ոլորտներում աննախադեպ ներդրումային ծրագրեր ունեն՝ գյուղատնտեսության եւ ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում: Հստակ է, որ պետությունը չի որդեգրել այդ ընկերությունների նկատմամբ քաղաքական հետապնդման քաղաքականություն: Մի հետաքրքիր արձանագրում՝ երեկ ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ամբողջ ստադիոնում ես որեւէ բուքմեյքերի գովազդ չնկատեցի: Սա ինձ նորություն էր ինձ համար, որովհետեւ նախկինում շատ էին նման վահանակները: Այնպես չէ, որ սա միայն Հայաստանի համար է, ամբողջ աշխարհում կարծես թե պատասխանատու խաղացողի ինստիտուտը ներդրվում է: Շատ երկրներում եւ արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում եւս, արգելված է խաղադաշտերում նման գովազդներ նախատեսելը»:

Հանձնաժողովը քվեարկություն դրեց առաջարկը՝ Պապոյանի տարբերակով, եւ բոլորը միաձայն կողմ քվեարկեցին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031