Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ում 3-4-րդ սերնդի մեր սաները շարունակում են կարդալ, խոսել մայրենի լեզվով». ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Դեկտեմբեր 19,2022 15:42

Դեկտեմբերի 17-ին Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարը բազմամարդ էր, իսկ տիրող տրամադրությունը՝ տոնական և վարակիչ։

ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ երկամյա դադարից հետո տեղի ունեցավ սպասված միջոցառում՝ նվիրված հայապահպանությանը և ամանորին։ Այն սկսվեց արժանապատիվ Տ. Խաժակ Շահբազյանի տերունական աղոթքով։

Քանի որ օտար երկրում դպրոցը դառնում է փոքրիկ հայրենիք և հայապահպանության օջախ, «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի անձնակազմը՝ գլխավորությամբ տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ է վերաբերում այդ շնորհակալ գործին։ Այսօր՝ այս դժվարին ժամանակաշրջանում, երբ մեր ազգի ու պետության առջև օր-օրի ծառանում են նոր մարտահրավերներ, առավել քան երբևէ կարևորվում է ազգապահպանության, հավատքի, հայեցի դաստիարակության դերը ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում, ինչը դպրոցի աշակերտները արեցին հպարտությամբ և բարձր պատասխանատվությամբ։ Հանդեսը կազմված էր երկու մասից, սկզբից մասնակցում էին 1-2-րդ, ապա 3-6-րդ դասարանցիները։ Նրանց շուրթերից հնչեցին հայի ինքնության, հարատևության և հայ մնալու երաշխիքներ, ինչպես նաև մայրենիի պահպանման խոստում՝ որպես գոյատևման գրավական։ Հանդիսության ընթացքում երկրորդ դասարանի աշակերտները ստացան «Տառաճանաչության վկայականներ», որոնցով սկիզբ դրվեցին նրանց ազգային աշխարհընկալմանն ու հայեցի լեզվամտածողությանը։

Միջոցառումը շարունակվեց ամանորյա երգերով, որոնք բարձրացրին ներկաների տրամադրությունը։ Աշակերտները իրենց արտասանություններում ավետեցին նաև Սուրբ Ծննդյան հրաշքը՝ միախառնված հայրենաշունչ մոտիվներով։ Նրանք համակված էին հուզախառն զգացումներով՝ լի նոր ու բարի սպասումներով։ Աշակերտների սրտերում գերիշխում էին սերը, ջերմությունը և լավատեսությունը այն սպասումով, որ տեղի կունենա հրաշք, և բոլորս կունենանք նոր հաղթանակներ և ձեռքբերումներ։ Բոլորի ոգևորությունը կրկնապատկվեց, երբ անակնկալ կերպով այցելեց առատաձեռն Ձմեռ պապը՝ գեղեցիկ նվերներով։

Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, որը օրվա եկեղեցական տոնը՝ Ս. Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակությունը, զուգահեռեց Հայոց Մայր եկեղեցում կատարվող մշտամնա հրաշքների հետ։ Իրապես, հրաշք է, որ 3-4-րդ սերնդի մեր սաները շարունակում են կարդալ, խոսել և երգել մեր ոսկեղենիկ մայրենի լեզվով։ Ապա մասնավոր շնորհակալություն հայտնեց անցյալի ու ներկայի բոլոր ուսուցիչներին։ Վերջում իր օրհնությունը բաշխեց թեմական առաջնորդ Հովնան սրբազանը՝ նշելով, որ Ս. Ղևոնդյաց մայր տաճարի կամարների տակ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի սաները սովորում են հայոց լեզուն, ծանոթանում՝ հայ հավատքին՝ կապելով իրենց սիրտը և հոգին Աստծու հետ։ Նա երեխաների ներկայությունը եկեղեցում նմանեցրեց յուրօրինակ աղոթքի, որի լեզուն մեսրոպաշունչ հայերենն է։ Իր մասնավոր գնահատանքի խոսքն ուղղեց գեղեցիկ միջոցառումը կյանքի կոչողներին՝ դպրոցի տնօրենին, տաղանդաշատ ուսուցիչներին , ծնողներին և իհարկե աշակերտներին։

Արևմտյան թեմը, հավատարիմ մնալով իր ազգանվեր առաքելությանը, օտար հողի վրա ապահովում է ապագա սերնդի արժանապատիվ հարատևության ամրապնդումը։

Ավարտվեց ուսումնական կիսամյակը, որի ընթացքում ևս տեղի էին ունեցել կրթական նորություններ։ Մեծահասակ աշակերտների համար առաջին անգամ դպրոցում բացվել էր հատուկ արագացված դասարան, որը հնարավորություն կտա աշակերտներին յոթ տարվա ուսումնական ծրագիրը անցնել չորս տարում, ինչպես նաև կրթօջախում բացվել է երկարօրյա դասարան՝ համավարակի պատճառով հետ մնացող երեխաներին օժանդակելու, նրանց կրթական որակը էլ ավելի լավը դարձնելու համար։

Դասերը վերսկսվելու են 2023 թվականի հունվարի 14-ից։

Շնորհավոր գալիք Նոր տարի և Ս. Ծնունդ։

Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս։

Սերինե ԱՐԱՄՅԱՆ

Ուսուցչուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031