Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, բազմափորձ ծանրամարտիկ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը հռչակվել է պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն: Պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունը դեկտեմբերի 15-18-ն անցկացվել է Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում: Ընդհանուր առմամբ մասնակցել է 243 մարզիկ 40 երկրից:
Հայաստանը ներկայացնող Գրետա Վարդանյանը հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում: Նա հաջողությամբ կատարել է 3 մոտեցումները` 85, 90, 93 կգ արդյունքներով և նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Իսկ բարձրացրած ծանրության գումարային հաշվարկի համար մարզիկին շնորհվել է երկրորդ ոսկե մեդալը:
Գրետա Վարդանյանը Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի հիմնադիրն է:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն