Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար՝ Հովհաննես Շահինյանի կողմից «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ տնօրեն՝ Արմեն Ե․-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ, ինչն իրագործել են միջնորդներ՝ Վարդան Ա․-ի, Կորյուն Ե․-ի և ինքնությունները չպարզած այլ անձանց միջոցով Յովսեփ Մ․–ից 2007թ. փետրվար ամսին, որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումար Փափազյան փողոցում գտնվող մշտական օգտագործման համար Արաբկիրի թաղապետարանին տրամադրված 2.97 հա մակերեսով «Արաբկիր» զբոսայգուց 1.500 քմ մակերեսով հողատարածքը Յովսեփ Մ․–ին օտարելու համար:
Այնուհետև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լ․–ն 2007թ. ապրիլի 25-ին կազմել է թիվ 18-06/Ի-588 մասնագիտական կեղծ եզրակացություն առ այն, որ Փափազյան փողոցում գտնվող, իբր թե Արմեն Ե․–ի կողմից կառուցված քարե շինությունը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդ.-ի սահմանափակումներով և ենթակա է օտարման:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր. 296 հոդ. 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։
Հովհաննես Շահինյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ նյութերը նախապատրաստվում էին 2019-ին ու վաղեմության ժամկետով քննությունն ավարտվել է այս տարեսկզբին. «3 տարի քննություն իրականացրին, բայց երբեւէ այդ գործի շրջանակում ինձ չհարցաքննեցին: Հիմա որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ ուղղությամբ է գնում նոր քննությունը: Իմ մասով ես ոչ միայն հերքում եմ, այլեւ բացառում եմ: 54 տարեկան եմ, չեմ հիշում, որ Հովսեփ անունով մարդու եմ ճանաչում, ես Սուրբ Հովսեփի գիտեմ միայն: Բացառապես դա կապված է իմ հասարակական ակտիվ գործունեության հետ։ Չեմ բացառում նաեւ, որ համապատասխան շրջանակները տեղեկատվություն ունեն, որ պատրաստվում եմ մասնակցել հաջորդ տարվա կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի համար «նվագախումբը՝ իրենց դիրիժորի» ղեկավարությամբ, այս սցենարն են առաջ բերում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ