ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Բրյուսելը պատվում է Ալիեւին հենց այն նույն օրերին, երբ Ալիեւի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ։
Ուիքենդային օրերին հայ ժողովրդի ուշադրությունից վրիպեց մի կարևոր իրադարձություն, որն ուղղակիորեն փաստում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խղճուկ այսօրը և ողբերգական վաղը, եթե համարժեք քայլեր չձեռնարկվեն։
Այսպես, Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի, Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է, այսպես կոչված, «կանաչ» էներգիա։
Կարդացեք նաև
Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ռումինիայի վարչապետ Նիկոլա Չուկեն։
Ամենահատկանշականն այն է, որ հատուկ այդ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար Բուխարեստ է ժամանել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը կրկին Ադրբեջանին «մեծարեց», որպես ԵՄ հուսալի գործընկեր։
Այս ամենը տեղի է ունենում Լաչինի միջանցքի մինչ այսօր տևող շրջափակման ֆոնին և փաստում է մի կարևոր հանգամանք. միջազգային ինստիտուտների, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարուցած ագրեսիան և հումանիտար աղետն ունեն 0 գործնական նշանակություն։
Կրկնակի ստանդարտների և «բարձրաշխարհիկ» ցինիկության մաստեր-կլասը, որ դրսևորում է պաշտոնական Բրյուսելը հայ ժողովրդի համար այս աղետալի օրերին, նորություն չէ։
Նորությունն այն է, որ դա արվում է առավել բացահայտ, թքած ունենալով բոլոր այն խնդիրների վրա, որ ծագել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար արդեն 8 օր տևող բլոկադայի հետևանքով։
Ի դեպ, ԵՄ-ն ֆինանսավորելու է այդ ստորջրյա «կաբելի» ներդրմանը մոտ 2 միլիարդ եվրոյով։
Հիշեցնեմ նաև, որ մինչ այդ էլ ԵՄ-ն 2 միլիարդ եվրոյի առանձին ներդրումային փաթեթ էր առաջարկել Ադրբեջանին։
Այսինքն՝ պաշտոնական Երևանը, Բրյուսելի կողմից այդքան սիրված Նիկոլն իրականում եվրոպական քաղաքական վերնախավի համար ունեն 0 արժեք։
Փոխարենը՝ հայերի «հախից գալու» անհագուրդ, հիվանդագին ցանկություն ունեցող Ալիևը շարունակաբար խրախուսվում է և այս իրադարձություններն ապացուցում են՝ բավարար չէ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև՝ հայ ժողովրդի հավաքական ճնշումները, ջանքերը Ալիևին և ադրբեջանական ագրեսիան հավուր պատշաճի պատժելու համար։