Լրահոս
Օրվա լրահոսը

«Մառը մարմնավորում էր բոլոր քաղաքակրթությունները՝ հայկական, վրացական, ռուսական». Գառնիկ Ասատրյան

Դեկտեմբեր 19,2022 13:04

Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչությունը եւ Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտը կազմակերպել են Նիկողայոս Մառի անվան հայագիտության միջազգային երկրորդ մրցույթ:

«Այս հրաշալի մրցույթի անցկացման գաղափարը պատկանում է հրաշալի գիտնական Գառնիկ Ասատրյանին: Նա մեկուկես տարի առաջ նման մրցույթ անցկացնելու մասին բարձրաձայնել էր Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկում, որտեղ ինքս հրավիրված էի: Ես իսկույն հավանություն տվեցի այդ գաղափարին: Մեր հետաքրքրությունն այստեղ այն է, որ հայագիտությունը տարածում ստանա նաեւ ռուսաց լեզով՝ շարունակելով այն փառավոր ավանդույթները, որոնք սկիզբ է դրել քութաիսցի եւ լենինգրադցի գիտնական, ակադեմիկոս Մառը:

Մենք գիտենք, որ ՌՌ-ում գործում է երկու հայագիտական կենտրոն՝ մեկը Մոսկվայում, մյուսը՝ Դոնի Ռոստովում: Ինչ վերաբերվում է այս մրցույթին, մենք այստեղ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում, որոշ առումով նաեւ կազմակերպչական: Նաեւ կուզենայինք փաստել, որ հայագիտության ոլորտի այս մրցույթը միակն է ողջ աշխարհում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց մրցույթի կազմակերպիչներից Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:

«Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է լենինգրադցի մասնակից, Ազգագրության ինստիտուտի աշխատակից, երկրորդ տեղը զբաղեցնողը Մոսկվայից է՝ Արեւելագիտության ինստիտուտի աշխատակից»,-տեղեկացրեց Ն. Մառի անվան մրցույթի մյուս կազմակերպիչը՝ ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը:

«Մենք հաճախ ենք ունենում լավ գաղափարներ, բայց դրանք հաճախ կյանքի չեն կոչվում: Իհարկե, Վադիմ Պավլովիչը համեստորեն ասաց, որ սա իմ գաղափարն էր, բայց իրականում համատեղ համագործակցության արդյունք է: Մենք ի վերջո եկանք եզրակացության, որ պետք է իրականություն դարձնենք Ն. Մառի անվան հայագիտության միջազգային մրցույթը: Մառը ծնվել է Քութաիսիում, նա իր մեջ ամփոփում է մի քանի էթնիկական մշակույթ՝ կովկասյան ինքնությունը, արեւմտյան ինքնությունը, որովհետեւ հայրը շոտլանդացի էր, ռուսական ինքնությունը, որովհետեւ ռուս գիտնական էր եւ ի վերջո՝ հայկական ինքնությունը: Ճիշտ է, Մառը չուներ հայկական արմատներ, բայց ամբողջ կյանքում առանձնահատուկ հակում ուներ Հայաստանի ու հայկականի հանդեպ: Նրա բոլոր աշխատություններն առայսօր արդիական են»,-ընդգծեց Գառնիկ Ասատրյանը:

Նաեւ փաստեց, որ ցավոք սրտի, ոմանք տեղյակ են Մառի՝ միայն հրատարակված որոշ աշխատություններից, մինչդեռ գիտնականը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է՝ գրաբարի վերաբերյալ, հայերենի քերականության, հայերեն, վրացերեն տեքստերի, Հյուսիսային Կովկասի լեզուների վերաբերյալ:

«Մառը խոշորագույն գիտնական էր, աշխատում էր առավոտից իրիկուն, նա ստեղծարար էր, արարող, նա դաստիարակել է հայ գիտնականների մի ամբողջ համաստեղություն: Ինչո՞ւ մենք մրցույթը կոչեցինք Մառի անունով, որովհետեւ Մառն ինքն իրենով մարմնավորում էր բոլոր քաղաքակրթությունները՝ հայկական, վրացական, ռուսական: Նա ոչ միայն մեծ գիտնական էր, այլեւ հումանիստ: Նա հրաշալի խոսում էր գրաբարով, իսկ այդպիսի մարդկանց թիվն այսօր էլ մեծ չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031