«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դեկտեմբերի 18-ին «Համո Սահյան» ոսկե մեդալով է պարգեւատրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոբեմադրիչ, դերասան, սցենարիստ, ԱՄՆ Լոս Անջելեսում այս օրերին ժամանակավոր գտնվող ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ:
Բանաստեղծի որդին, պոեզիայի կենտրոնի նախագահ Նաիրի Սահյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նա այս պարգեւին է արժանացել հայ արվեստին մատուցած զգալի ծառայության համար, Սահյանի պոեզիայի տարածման համար: Պարգեւը վստահվել էր հանձնել Գլենդելի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Էլեն Ասատրյանին: Ի դեպ, Վիգեն Չալդրանյանն այս ժամանակահատվածում մի քանի գրքեր է գրել և հրատարակել, պատրաստել է կինոյի սցենարներ:
Մեդալը շնորհելիս հիմնադրամը հաշվի է առել նաեւ կինոբեմադրիչի մշակութային կապերի աշխարհագրությունը. նա սերտ կապեր ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում։ Վիգենը չափազանց ինքնատիպ ստեղծագործող է։ Բավական է հիշել նրա «Լռության Սիմֆոնիան» , «Ձայն բառբառոյ» ֆիլմերը, «Երևանյան էտյուդներ»-ը և ուրիշներ։ «Ձայն բառբառոյ» ֆիլմը 2012-ին ճանաչվել է ՀՀ անկախության քսան տարիների լավագույն խաղարկային ֆիլմ («Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխություն): Նա 2001-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:
Բանաստեղծի ոսկե մեդալին մինչ այդ արժանացել են նշանավոր հայերից երաժիշտ Ռազմիկ Մանսուրյանը, երգիչ Հարութ Փամբուկչյանը, ասմունքող Մարինե Հովհաննիսյանը, Մարսելի հայ մշակույթի նախագահ Կամո Հովսեփյանը, ռադիոհաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը:
Կարդացեք նաև
Մեդալները պատրաստել է Գագիկ Գևորգյանը (Estate Jewelry Gagik Gevorgyan):
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ