Ասում է արցախցի հրապարակագիր Վարդգես Օվյանը
– Ադրբեջանցիների, ավելի ճիշտ` պաշտոնական Ադրբեջանի սադրանքից` Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելուց եւ գազն անջատելուց հետո, ինչպիսի՞ն է վիճակն Արցախում, մայրաքաղաքում՝ առհասարակ:
– Արցախն ապրում է ռազմական դրության օրենքներով։ «Ռազմական դրություն» կապակցությունը թերեւս անմիջապես բացասական զգացումների մի մեծ «փունջ» է առաջ բերում Արցախից դուրս ապրող շատերի մեջ, բայց այստեղ, հատկապես ավագ եւ միջին սերնդի համար դա ամենեւին «աշխարհի վերջ» չի նշանակում, եթե, իհարկե, ավելի սարսափելի գործողություններ չսկսվեն հանկարծ…
Այնպես որ` Արցախը շարունակում է ապրել, բայց արտաքին աշխարհից կտրված, նյութական ու այլ օգնության բացակայության պայմաններում եւ հատուկ ռեժիմով։
– Մեր զրույցի օրը՝ դեկտեմբերի 15-ին Արցախի ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Մասնավորապես, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով ԱՀ օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման նպատակը եւ այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք ուսումնասիրվելուց հետո ԱՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում են վառելիքի ստացման կտրոններ՝ բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերից գնում կատարելու թույլտվության վերաբերյալ:
– Այո, վառելիքի եղած պաշարները խնայելու համար երեւի թե մեզանում առաջին անգամ հաստատվել է պետական վերահսկողություն։ Սահմանափակ քանակությամբ դիզվառելիք տրվում են միայն շտապօգնության, արտակարգ իրավիճակների եւ կենսական նշանակություն ունեցող այլ ծառայություններին։ Խանութներում հերթեր չկան։ Ճիշտ է, որոշ ապրանքներ` ձեթ եւ այլն, մարդիկ որոշ «զապասով» են գնել, բայց առայժմ որեւէ ապրանքի սուր պակաս չկա։ Դրանից խուսափելու համար արդեն որոշ ապրանքներ վաճառում են սահմանափակ չափով ու քանակությամբ։ Առիթից օգտվելով, որոշ խանութներում ապրանքների գները բարձրացրել են, բայց այդ մասին արդեն տեղյակ են ստեղծված օպերատիվ շտաբում, եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ նման քայլի դիմողները պատժվելու են։ Ինչպես եւ պատժվելու են ստեղծված իրավիճակում պետության ընդունած մյուս բոլոր օրենքները խախտող անձինք։
– Վարդգես, հայտարարվեց դպրոցներում դասընթացը դադարեցնելու մասին նույնպես:
– Այն դպրոցներում, որտեղ ջեռուցումը գազով էր իրականացվում, պարապմունքները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ քաղաքներում ու հատկապես գյուղական վայրերում, որտեղ որպես վառելանյութ փայտ են օգտագործում, պարապմունքները կանոնավոր շարունակվում են։ Առավել ծանրաբեռնված ու կանոնավոր շարունակում են աշխատել այն հիմնարկ-ձեռնարկությունները, որոնք կենսական նշանակություն ունեն ստեղծված իրավիճակում։
– Իսկ կա՞ ջրի հարց:
– Արցախում առայժմ ջրի խնդիր չկա։ Չկա նաեւ էլեկտրաէներգիայի խնդիր, որովհետեւ այն ստանում ենք մեր էլեկտրակայաններից։ Ուղղակի այն եւս հնարավորինս խնայողաբար է օգտագործվում, որովհետեւ գազի եւ հեղուկ վառելիքի բացակայության կամ սահմանափակ պաշարների պայմաններում ջեռուցումը եւ այլն էլեկտրաէներգիայի շնորհիվ է իրականացվում։
Կարդացեք նաև
– Երեւանյան քաղաքական գործիչները խաղաղապահների հետ կապված դժգոհություններ հայտնեցին, մասնավորապես, շեշտելով, թե նրանց պատճառով է ճանապարհը փակ, թե կարող էին բացել:
– Բացի ճանապարհը փակելու եւ Արցախում գազն անջատելու ադրբեջանցիների հակամարդկային, թշնամական գործողություններից, որով Արցախը հայտնվել է արտաքին աշխարհից կտրված եւ շրջափակման մեջ` դրանից բխող բազում բացասական ու ողբերգական հետեւանքներով, ռուս խաղաղապահների շնորհիվ առայժմ պահպանվում է մեր ժողովրդի անվտանգությունը։ Դժվար չէ կռահել, որ հարեւան պետության այս այլանդակ ու ապօրինի գործողություններն ուղղված են ոչ միայն Արցախի, արցախցիների դեմ, այլեւ ռուս խաղաղապահների, որոնց փորձում են ներքաշել սադրանքների մեջ, որպեսզի հետո վայնասուն բարձրացնեն ու պահանջեն խաղաղապահներին դուրս բերել Արցախից։ Ի դեպ, ռուսներին տարածաշրջանից հեռացնելու հարցում թշնամու եւ Հայաստանում (որոշ չափով նաեւ Արցախում) թշնամու ու այլ երկրների շահեր սպասարկող մի ստվար զանգված գրանտակերների կարծիքներն ու գործողությունները համընկնում են։ Ինչպես փոխադարձ իրար լրացնում են նաեւ Արցախի նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ թշնամու եւ հիմնականում Հայաստանից այդ մարդու դեմ հնչող հայհոյանքներն ու բամբասանքները։ Այնպիսի տպավորություն է, որ Արցախից դուրս, հատկապես Հայաստանում, Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում ոչ այնքան փորձում են ինչ-որ բանով օգնել, որքան ուշադիր հետեւում են, թե ինչ են անում կամ ինչ չեն անում այստեղ, որպեսզի համացանցը հեղեղեն բամբասանքներով ու զրպարտություններով։
Իսկ Արցախին օգնելու եւ ողջ Հայաստանը փրկելու միակ ճիշտ քայլը յուրաքանչյուր նորմալ մարդ գիտե, թե որն է եւ ով է այս ամենի գլխավոր մեղավորը, ում մեղքով ենք հսկայական տարածքներ կորցրել, մեծ մասը նվիրել թշնամուն, հազարավոր երիտասարդ կյանքեր, ազգի սերուցք հողին հանձնել։
Ինչ վերաբերում է Արցախի նոր պետնախարարի հասցեին Հայաստանից հնչող զրպարտություններին, անկախ նրանից, թե միջազգային բազմաթիվ կապեր ունեցող այս մարդը մինչ այդ ում է հանդիպել կամ ում հետ է լուսանկարվել, Արցախում Ռուբեն Վարդանյանը դեռեւս չի արել այնպիսի մի բան, որ կասկածի ենթարկի արցախցիների հավատն իր հանդեպ։ Ավելին, դժվար չէ նկատել, որ նա երիցս ավելի անկեղծ, պրոֆեսիոնալ, խելացի ու գրագետ է, քան հայոց իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում լարախաղացություն անող գործիչ-գործիքները` միասին վերցրած։ Արցախում լսել են, որ հակառակորդն այս ամենն անում է մեզանից ինչ-որ զիջումներ կորզելու նպատակով։ Ինձ ծանոթ, ինձ հանդիպած բոլոր արցախցիները դեմ են ցանկացած որեւէ զիջման։ Նրանք գտնում են, որ մենք արդեն շատ բան ենք զիջել նրանց։ Իսկ նոր՝ թեկուզ փոքր զիջման արդյունքում հայտնվելու ենք մեր դիմաց ցցված օղապարանի առաջ։
– Իսկ կա՞ խուճապ, հարցը տալիս եմ Արցախում բնակվողին, որն ամենի կրողն է:
– Արցախում խուճապային տրամադրություն չկա։ Կա ստեղծված իրավիճակի հավասարակշռված գիտակցություն ու ինքնավստահություն։ Բայց Արցախից դուրս` Հայաստանում եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ այդ ամենն անսահմանափակ չէ, մի օր կարող է սպառվել։ Եվ այս պահին հնարավոր բոլոր միջոցներով պետք է պայքարել հայության ներքին ու արտաքին թշնամիների դեմ, բոլոր ուղղություններով ահազանգ հնչեցնել, որպեսզի հակառակորդի այս ապօրինություններն Արցախում ողբերգական հետեւանքներ չունենան, քանի որ 120 հազար բնակչությամբ Արցախում 30 հազարից ավելի մանուկ ու երեխա կա եւ հազարավոր ծանր ու կիսածանր հիվանդներ, որոնք անհապաղ բուժման կարիք ունեն, բայց Ստեփանակերտում այդ հնարավորությունները չկան։
Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
Հ.Գ.– Հարցազրույցը պատրաստ էր հրապարակման, երբ «Արցախգազը» երեկ տեղեկացրեց, որ նախատեսվում է՝ օրվա ընթացքում գազի մատակարարումը վերականգնել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորել էր լինել ուշադիր եւ պահպանել անվտանգության կանոնները:
«Առավոտ» օրաթերթ
17.12.2022