Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ծանր պայմաններում, որ ասում են՝ պատերազմ է լինելու եւ այլն, թատրոն կոչեցյալը հենց մեր խրամատն է»

Դեկտեմբեր 19,2022 12:30

«Հրաշագործը» ներկայացումը հոտնկայս ծափահարություններով ողջունվեց հանդիսատեսի կողմից

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը հրաշալի բեմադրություն է արել` ըստ Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայի, որի հիմքում կույր եւ խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է։ Հելլենն իր ուսուցչուհի Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Ներկայացման մեջ արծարծված խնդիրները համամարդկային են։

Բացի ուշագրավ այս դրամայի հիման վրա ներկայացում բեմադրելուց, Ծատուրյանը մեկ այլ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ներկայացումը կառուցել է երկու թատրոնների՝ Համազգայինի եւ Գյումրու դրամատիկականի դերասանների ուժերով։ Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը (Էննի Սյուրիվեն), ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը (Կապիտան Քելլեր), Տաթեւ Ղազարյանը (Վիննի), Ֆրունզ Ամիրխանյանը (բժիշկ), Սարգիս Ղարիբյանը (Ջեյմս Քելլեր), Արփինե Մխիթարյանը (Քեյթ Քելլեր) եւ չտեսնող ու չլսող երեխային՝ Հելլենին հրաշալի մարմնավորած Անգելինա Զաքարյանը։ Բոլոր դերասանների խաղը փայլուն էր ու համոզիչ, իսկ երեխան զարմանալիորեն խաղում էր դերասանին հատուկ հասունությամբ։ Բնականաբար, դա ռեժիսորի եւ խաղընկերների ջանքի ու վարպետության արդյունքն է։

Ներկայացման մեջ չկար որեւէ ավելորդ դետալ, չպատճառաբանված դադար կամ անտրամաբանական որեւէ ժեստ։ Իսկ Նարինե Գրիգորյանը՝ բոլորի կողմից սիրված Նարինկան, ուղղակի անձնվիրաբար ողջ էներգիան պարպեց բեմի վրա։ Ամենեւին չնսեմացնելով մյուսների խաղը՝ առանձնացնենք նաեւ Տաթեւ Ղազարյանին, որը եւս փայլում է ցանկացած կերպարում։

Նիկոլայ Ծատուրյանի «Հրաշագործը» ողջունվեց հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով, ինչը իրավացիորեն վաստակել էր։ Բնականաբար, ներկայացումը չէր կարող կատարյալ լինել առանց Գարեգին Եվանգուլյանի՝ նկարչական, Հայկ Իսրայելյանի երաժշտական ձեւավորման, ինչպես նաեւ Լուսինե Խաչատրյանի զգեստների։

Նիկոլայ Ծատուրյանը ներկայացման ավարտից հետո ասաց, որ թատրոնը շատ կարեւոր դեր ունի մարդկանց կյանքում, թատրոնը կարող է օգնել, որ լավ երկիր կառուցենք. «Այս շատ ծանր պայմաններում, որ ասում են՝ պատերազմ է լինելու եւ այլն, այս թատրոն կոչեցյալը հենց մեր խրամատն է, այսինքն՝ այն պաշտպանիչը, որը միշտ հարկավոր է»։

Անդրադառնալով երկու թատրոնների կազմերով ներկայացում բեմադրելուն՝ նշեց, որ այդ համագործակցությունը շատ լավ պտուղներ է տալիս, քանի որ դերասանները ծանոթանում են միմյանց եւ միմյանց փորձառությանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
17.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շանթ says:

    Մինչև Ծատուրյանը չգնա այդ թատրոնից, թատրոնի մթնոլորտը չի կարղ դրական փոխվել: Գումար աշխատելու կեղծ միջոց է, ինչ է արածը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031