Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շանթի մուտքը հայ բալետային բեմ, անշուշտ, իրադարձություն է

Դեկտեմբեր 19,2022 12:00

Սա արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նազենիկ Սարգսյանի գնահատականն է

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ձգողականություն» բալետի պրեմիերան, որի առիթով մեզ հետաքրքիր էր հատկապես արվեստագիտության դոկտոր Նազենիկ Սարգսյանի կարծիքը։ Նա 1980-ականների կեսերից Երեւանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում իր իսկ կազմակերպած Երաժշտության եւ պլաստիկայի մանկական ստուդիայում բեմադրել է մի շարք օպերային եւ բալետային ներկայացումներ, 1990-ականների սկզբներից մինչեւ կեսերն ու 2002-2004թթ. Մոսկվայի Դիմակաթերապիայի ինստիտուտում գործունեություն է ծավալել որպես պարային, այնուհետեւ հոգեթերապեւտիկ այլ մեթոդների մասնագետ, մշակել է պարային թերապիայի հատուկ համակարգ։ Հեղինակ է հայկական բալետին, երաժշտական թատրոնին, նաեւ հոգեթերապիայի հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների։

«Առավոտի» հետ զրույցում Նազենիկ Սարգսյանը նշեց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն երկար տարիներ չեն անդրադարձել հայ կոմպոզիտորների նոր պարտիտուրների բեմադրությանը. «Այս առումով Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» մեծածավալ երկի բեմական մարմնավորումը իրոք հայտնություն է մեր հանդիսատեսի համար, չնայած գրված է մի քանի տարի առաջ։ Սակայն միայն մի քանի ամիս առաջ ռեժիսոր Նարինե Գրիգորյանը՝ լիբրետոյի եւ գեղարվեստական գաղափարի հեղինակ ու Արա Ասատուրյանը՝ բեմադրող բալետմայստեր, ձեռնամուխ եղան բալետի բեմադրմանը։


Պարտիտուրը բավականաչափ մշակման ենթարկվեց, երաժշտական դրվագները տեղերով փոխվեցին՝ համաձայն բեմադրողների գործողության ընթացքի մտահղացման։ Ամեն դեպքում, պետք է նշել, որ Շարաֆյանի ստեղծած երաժշտությունը լի է դրամատիզմով, հնչյունային գունեղ ելեւէջներով եւ միանգամայն ներդաշնակ միահյուսվում է տեսողական շարքի հետ։ Դրան անշուշտ նպաստում է նվագախմբի կատարողական բարձր մակարդակը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ»։ Դիտարկմանը՝ ստեղծագործական թիմի առջեւ ավելի քան լուրջ խնդիր էր դրված, մեր զրուցակիցը պատասխանեց. «Արդեն այն հանգամանքը, որ լիբրետոն ստեղծված է Լեւոն Շանթի «Հին աստվածներ»՝ մեր, երեւի թե առաջին սիմվոլիստական դրամայի մոտիվներով, ուրույն խնդիրներ էր դնում բեմադրիչների առջեւ, չնայած այն հանգամանքին, որ պարարվեստը՝ հատկապես բալետը, խորհրդանշանային արվեստի համակարգ է, սակայն մեր կողմից վերլուծվող ներկայացման բեմադրիչներն այլ խնդրի առջեւ էին կանգնած։ Շանթի դրամայի գործողությունը բազում մեկնաբանումների առիթ է տալիս։ Արդյո՞ք դրվագների գերակշռող մասը կապված է իրական դեպքերի հետ, թե՞ դա զուտ Աբեղայի մտորումներն են, երազները, տատանումները…
Դրամայի այս յուրօրինակությունը գտավ իր մեկնաբանությունը «Ձգողականություն» բալետում։ Եվ հակառակը՝ պարային մասը միավորում է ժամանակակից դասական բալետի, ազատ պարի եւ, այսպես կոչված՝ դրամ բալետի (կամ խորեոդրամայի) տարրերը»։ Խնդրեցինք անդրադառնալ բեմադրիչների «պրոդուկտը» հանդիսատեսին ներկայացնող արտիստներին։ «Առանձնահատուկ նշենք հագեցված ինքնատիպ պահումներով Աբեղայի եւ Կույր վանականի, Աբեղայի եւ Վանահոր տղամարդկային զուգապարերը։

Ռեժիսոր Նարինե Գրիգորյանը հարցազրույցում նշել է, որ գերադասում է չանդրադառնալ հեթանոսական թեմային, սակայն առանց դրա էլ բալետը հագեցած է պանթեիստական ոգով։ Անդրադառնանք նաեւ դերակատարներին։ Մեր բալետի փորձառու առաջին մենակատար Սեւակ Ավետիսյանը միշտ փայլել է բալետային հնարքների վարպետությամբ, սակայն Վանահոր դերում նրա խնդիրն այլ էր եւ պարողի դերասանական վարպետությունը, անշուշտ, գրավեց հանդիսատեսի ուշադրությունը։

Պետք է ընդգծել, որ «Ձգողականություն» բալետը տարբերվում է շնորհիվ թե՛ ռեժիսորի, թե՛ բալետմայստերի կողմից պարողների առջեւ դրված խնդիրներով, որոնցից ամենակարեւորը դրամատիկ թատրոնի դերասանին հատուկ դեմքի արտահայտչականությունն է եւ անշուշտ կերպարի ստեղծման հնարքների տիրապետումը։ Սա անսովոր է եւ հետաքրքիր մեր երիտասարդ այն պարողների համար, որոնք հանդես եկան բալետում։ Միանգամայն տարբեր կերպարներ ստեղծեցին առաջին եւ երկրորդ օրը հանդես եկած գլխավոր դերերում պարողները։
Րաֆֆի Գալստյանը եւ Անահիտ Վասիլյանը՝ համապատասխանաբար Աբեղայի եւ Սեդայի դերերում, ավելի մոտ էին բալետային ոճին. Րաֆֆին՝ հերոսական կերպարին մոտ կեցվածքով, Անահիտը՝ ինչպես փերի։ Գոռ Սարգսյանը եւ Նարե Մարկոսյանը՝ ընդհակառակը, ցուցադրեցին դրամատիկորեն հագեցած կերպարներ։ Առանձնակի նշենք Վահե Բաբաջանյանին, որը կարծես մերվել էր Կույր վանականի կերպարի հետ»,- ներկայացրեց Նազենիկ Սարգսյանը, հավելելով, թե ամեն դեպքում Լեւոն Շանթի մուտքը հայ բալետային բեմ, անշուշտ, իրադարձություն է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031