Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի կարգավիճակը որոշելու հարցը պետք է լիներ ՀՀ-Ադրբեջան պայմանագրի նյութ»

Դեկտեմբեր 19,2022 14:00

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին խորհրդարանում հայտարարեց՝ «դեռեւս չկա վերջնական որոշում` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հարցը լուծվելու կամ լուծելու փորձ կատարվելու, թե մենք առանձին միջազգային մեխանիզմ ենք ստեղծելու»։ Իսկ լրագրողների հարցադրումը հետեւյալն էր՝ Արցախի հիմնախնդիրը որքանո՞վ է շաղկապվում ՀՀ-Ադրբեջան նախապատրաստվող «խաղաղության պայմանագրին»։ Ախ քարտուղարը մանրամասնել էր. «Մինչեւ այս պահը նշյալ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Եվ չկա հստակություն՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե պայմանագրից դուրս։ Հետեւաբար, հիմա հստակ պատասխան չունեմ։ Երեւանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը եւ որպեսզի ստեղծվի մեխանիզմ, տեղի ունենա քննարկում ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ։ Դա կարող է ամրագրվել խաղաղության պայմանագրով եւ կամ միջազգային այլ մեխանիզմով»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է, որ ԱԽ քարտուղարի ասածն ու այլ պաշտոնյաների հայտարարությունները հաճախ իրար չեն համապատասխանում։ «Պարբերաբար հայտարարվում էր, թե խաղաղության պայմանագիրը արդեն պատրաստ է եւ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Կամ, հղում էին անում Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Մեր պատկերացմամբ, որն ի սկզբանե ասել ենք, Արցախի կարգավիճակը որոշելու հարցը պետք է լիներ ՀՀ-Ադրբեջան բանակցությունների եւ պայմանագրի նյութ։ Դա ի սկզբանե պետք էր արձանագրել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի ենթադրում Արցախի կարգավիճակի վերջնական մոռացում, այլ հարցը մնում է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Գեղամ Մանուկյանն ու հավելում,-«հիմա եթե այդպես է, շատ ավելի լավ, բայց, ցավոք սրտի, Պրահան եւ դրանից առաջ եղած դեպքերը վկայում են, որ ՀՀ-ն լրիվ այլ պատկերացմամբ է համաձայնություններ ունեցել Ադրբեջանի հետ»։

Հիշեցրինք նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի եւ Մարիա Կարապետյանի՝ դեկտեմբերի 6-ին հնչեցրած պնդումը, որ ՀՀ-Ադրբեջան սահման գոյություն ունի եւ այն կապ չունի ԼՂ հիմնահարցի հետ, այլապես կստացվի, որ մենք հարցը վերածում ենք տարածքային խնդրի։ Գեղամ Մանուկյանն այս առնչությամբ շեշտեց. «Ամենավտանգավորն այն է, որ ՀՀ-ն 2022թ.-ի մարտից ԱԳ նախարարի մակարդակով առաջին անգամ խոսեց Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Ես դա կհասկանայի, եթե ՀՀ-ն դրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսեր՝ շեշտելով, որ Գերագույն խորհուրդն 92թ.-ին Արցախի հարցն առանձնացրել է, շեշտել է Արցախի ինքնորոշման իրավունքը, որ Արցախը մինչեւ Ալմա-Աթայի հռչակագիրն իր անկախությունն ամրագրել է հանրաքվեով։ Այ դա կհասկանայի։ Բայց երբ բոլոր պաշտոնական հայտարարություններում միայն տարածքային ամբողջականության մասին խոսելու համար հիմք են ընդունում Ալմա-Աթայի հռչակագիրը, ստացվում է, որ մոռացության են մատնում Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031