Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ ռազմավարական նկատառումներից ելնելով՝ ադրբեջանցիները ճանապարհը կբացեն այնպիսի փուլում, որ կանխեն կոշտ կամ հակաադրբեջանական որոշումների կայացումը։
«Իհարկե, ՄԱԿ-ի որոշումն ազդեցություն ունի»,-«Առավոտի» հարցին՝ այն, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, դա կապ ունի՞ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման հետ, այսպես պատասխանեց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երկու օր առաջ դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ եւ պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը:
ՄԻԵԴ-ը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչեւ դեկտեմբերի 19-ը՝ ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:
Կարդացեք նաև
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ որոշման մասին ասաց. «Թե ինչ չափով կարող ենք գնահատել այդ որոշումը, կամ անհամաձայնություն ունենալ, այլ հարց է։ Սակայն միայն այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը չի մերժել, այլ հետաձգել է եւ տեղեկություններ է պահանջել Ադրբեջանից, արդեն հուշում է այն մասին, որ դատարանը հիմնավոր է համարել ՀՀ պահանջը, փաստարկը, ապացույցը եւ դրա շրջանակներում կարող է անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ պարտադիր որոշում կայացնել»։
Նա զուգահեռներ անցկացրեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի գործընթացի հետ ու ասաց. «Հիշո՞ւմ եք՝ Բաքվի ռազմական ավարի պուրակի թանգարանի որոշ նմուշներ հեռացնելու պահանջ էր դրվել արդեն իսկ ընթացող դատավարության շրջանակներում, դրանք հեռացվեցին, եւ միջազգային իրավաբանների թիմը այդ փաստի վրա հիմնավորմամբ փորձեց ավելի ճիշտ կազմակերպել ադրբեջանական շահերի ներկայացումը ՄԱԿ-ի դատարանում։ Նրանք ֆիզիկապես, հասկանալով նման միջոց կիրառելու վտանգը եւ դատական մարմինների ներգրավումը գործընթացում, փորձելու են այս պահին վերականգնել ոչ միայն գազամատակարարումը, այլեւ ճանապարհը բացել, որպեսզի կանխեն այդ որոշման կայացումը։ Բնականաբար, հարյուր տոկոս ասել չեմ կարող, բայց ունեմ կանխատեսում, որ մինչեւ ՄԻԵԴ կողմից տրամադրված ժամկետի լրանալը՝ դեկտեմբերի 19-ը, նրանք կբացեն նաեւ ճանապարհը»։
Սիրանուշ Սահակյանին մտահոգում է այն, որ այս գործելակերպը կարող է կրկնվել. «Մենք ապահովագրված չենք դրանից, եւ մյուս կողմից այդ գործելակերպը բացասական բարոյահոգեբանական ազդեցություն է թողնում բնակչության վրա, եւ կարծում եմ՝ նրանք ահաբեկման միտումով ցանկանում են նախ հայաթափել Արցախը, որից հետո Հայաստանը։ Վստահ եմ, որ միջադեպից հետո որոշ ընտանիքներ եւ այդտեղ ապրող երեխաներ, հատկապես, եթե կրթության եւ առողջապահության իրացման խնդիր ունեն, միգուցե կփոխեն իրենց բնակավայրը»։
Մեր դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ գազամատակարարումը վերականգնելը Ադրբեջանը ոչ թե անում է Արցախի ժողովրդի համար, այլ, որ ՄԻԵԴ-ը վերջնական որոշում չկայացնի եւ արդյոք ռիսկ չկա՞, որ եթե ՄԻԵԴ-ն այդ որոշումը չկայացնի, նրանք կկրկնեն իրենց արարքը, Սիրանուշ Սահակյանն այսպես արձագանքեց. «Անկախ ՄԻԵԴ-ի ներգրավվածությունից այս պահին ընդամենը ադրբեջանական կողմը ցուցադրում է հայերին եւ նաեւ միջազգային հանրությանը, թե ինչպիսի լծակներով կարող է ճնշել, ահաբեկել եւ վտանգներ ստեղծել արցախահայության համար, որոնք ամեն պահի կարող են նաեւ կյանքի կոչվել՝ ունենալով ծանր հետեւանքներ։ Այս նույն գազամատակարարումից զրկելը, ճանապարհը փակելն ընդամենը այդ գործիքների ցուցադրությունն է, որով ճնշում է տեղի ունենում նաեւ քաղաքական դերակատարների նկատմամբ, որոնք որոշումներ են կայացնում։ ՄԻԵԴ-ի առումով՝ իրենք ռազմավարական նկատառումներից ելնելով՝ ճանապարհը կբացեն այնպիսի փուլում, որ կանխեն կոշտ կամ հակաադրբեջանական որոշումների կայացումը»։
Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ՀՀ-ն պետք է շարունակի աշխատել դատարանի հետ՝ ցույց տալով գործողության կրկնման վտանգը եւ դրա՝ իրական լինելու պայմաններում պահանջել, որ բոլոր դեպքերում անհապաղ միջոց կիրառվի, նույնիսկ, եթե այս պահին խոչընդոտը վերացրել են, այսինքն՝ հայկական կողմը պետք է հետեւողականություն ունենա իրավական գործընթացներում եւ շարունակի միջազգային կառույցներին ներկայացնել միջադեպը, ինչպես նաեւ դրա կրկնողության վտանգները, աղետալի հետեւանքները, մարդասիրական աղետը, որը սպառնում է բնաջնջման դեպքով եւ պահանջի անհապաղ միջոցառումների իրականացում։
Հարցին՝ այն, ինչ արվում է միջազգային հանրության հետ աշխատանքում, բավարար համարո՞ւմ եք, թե՞ այլ ռազմավարության անհրաժեշտություն կա, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Միանշանակ նման ռազմավարության անհրաժեշտություն կա, եւ կարծում եմ համակարգված չէ գործընթացը, որի պայմաններում նախ գործողությունների կրկնողության, իրարամերժության վտանգները կան, եւ բացառված չէ ուժերի համատեղումը։ Դրա համար այստեղ, կարծում եմ, ընդհանրապես բոլոր դերակատարներին քարտեզագրելու եւ նրանց գործունեությունը նախ համակարգելու, ռեսուրսների նպատակային բաշխման հարցեր գոյություն ունեն։ Կան կենտրոններ պետական եւ մասնավոր սեկտորից, որ այդ նախաձեռնությունը կարող են վերցնել իրենց վրա եւ փորձել համակարգել։ Իհարկե, նպատակահարմար է, որ դա իրականացնի հենց պետությունը»։
Հետաքրքրվեցինք՝ միջազգային իրավունքի ուրիշ ի՞նչ նորմեր կան, որոնցով կարելի է հայցեր ներկայացնել ավելի երկարաժամկետ կտրվածքով, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մեխանիզմները պատշաճ գործարկվում են, բայց կան հարթակներ, որոնք իրավաքաղաքական են. այսինքն՝ դատական որոշումներ չեն կայացվում, բայց կարող են խաղաղություն, անվտանգություն ապահովող որոշումներ կայացնել, օրինակ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Այս խնդիրը նաեւ այնտեղ պետք է քննարկման առարկա լինի ու հաստատվեն բնաջնջման ռիսկերը, որոնց պայմաններում ՄԱԿ-ի սանկցավորմամբ կամ առանց կարող է գործի դրվել այսպես կոչված Responsibility to protect (RP)՝ պաշտպանելու պարտականությունը, որի պարագայում ընդհուպ մինչեւ անհատ պետություններ կարող են ռազմական միջամտություն ունենալ, դա կարող է գործադրվել ինչպես պետության խնդրանքի հիման վրա. Արցախը կամ ՀՀ-ն խնդրեն եւ երրորդ պետություն ներգրավվի պաշտպանության համար, այնպես էլ կարող է իրենց անհատական նախաձեռնությամբ լինել, եթե լինի ՄԱԿ-ի կարգավորումը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2022