32 հավաքականներ շուրջ մեկ ամիս անզիջում պայքար էին մղում հենց այսօրվա համար։ Շատերը ձախողեցին հենց խմբային փուլում, ոմանք էլ Կատարը լքեցին արդեն փլեյ-օֆֆում։ Եղան տարվա հայտնություններ և ձախողումներ, սակայն այսօր Լուսաիլում խաղալու հնարավորություն ստացան երկու հավաքականներ. Արգենտինա և Ֆրանսիա…
Մինչ Մունդիալի մեկնարկը, շատերը ֆավորիտ էին համարում այլ հավաքականների, սակայն այս երկուսը ցույց տվեցին ավելի սառնասիրտ խաղ և կամքի ուժ։ Մեսսիի երազանքը կկատարվի՞, թե ոչ, Մբապպեն կնվաճի՞ աշխարհի երկրորդ գավաթը անընդմեջ, թե ոչ։ Այս բոլոր հարցերի պատասխանները կիմանանք ժամեր անց։
Հետաքրքիր տեղեկություններ խաղի մասին
Արգենտինան հանդես կգա աշխարհի առաջնությունների եզրափակչում վեցերորդ անգամ, միայն Գերմանիայի հավաքականն է ավելի շատ հանդիպումներ անցկացրել եզրափակիչներում՝ 8։ Ալբիսելեստեն երկու անգամ է նվաճել Մունդիալը, իսկ եթե նրանք այսօր պարտվեն ֆրանսիացիներին, ապա կկրկնեն Գերմանիայի հավաքականի հակառակորդը՝ աշխարհի առաջնությունների եզրափակիչներում պարտությունների քանակով՝ 4։
Կարդացեք նաև
Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս գալիս իր պատմության մեջ չորրորդ անգամ։ Հատկանշական է, որ Ֆրանսիայի մասնակցությամբ բոլոր եզրափակիչները տեղի են ունեցել միայն 1998 թվականից սկսած (1998, 2006, 2018, 2022)։ Այդ ընթացքում դեռ ոչ մի հավաքականի չի հաջողվել եզրափակիչ դուրս գալ երկու անգամից ավել։ Ֆրանսիացիները կարող են դառնալ երրորդ ընտրանին, որը կարողացել է աշխարհի չեմպիոն դառնալ երկու անգամ անընդմեջ՝ Իտալիայից (1934 և 1938) և Բրազիլիայից (1958 և 1962) հետո։
Եթե Մեսսին այսօր խաղա, կդառնա աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը (26)։ Մեսսին կարող է դառնալ նաև միակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում մեկ աշխարհի առաջնության բոլոր փուլերում (խմբային փուլ, 1/8, 1/4, կիսաեզրափակիչ և եզրափակիչ)։ Մեսսին Մունդիալներում խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Եվս մեկ արդյունավետ գործողություն և նա դուրս կգա մաքուր առաջին հորիզոնական՝ ԱԱ-ներում գոլ+պաս համակարգում։
Ուգո Լյորիսը կարող է դառնալ չորրորդ ֆուտբոլիստը, որը աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս գալիս ավագի թևկապով՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Մնացած երեքն են՝ Կարլ – Հայնց Ռումենիգեն, Դիեգո Մարադոնան և Դունգան։ Հետաքրքիր է, որ այս երեքը պարտվել են այդ երկու եզրափակիչներից գոնե մեկում։ Լյորիսը կդառնա առաջինը այս ցուցակում, եթե Ֆրանսիան հաղթի։
Մեսսին և Մբապպեն մրցակցում են նաև այս առաջնության լավագույն ռմբարկուի և լավագույն ասիստենտի կոչման համար։ Այս երկուսը Կատար 2022-ի ընթացքում հեղինակել են հինգական գոլ։ Արգենտինայի առաջատարը այս առաջնության շրջանակներում կատարել է 3, իսկ Մբապպեն 2 արդյունավետ փոխանցում։
Միմյանց դեմ կայացած հանդիպումները
Պատմության ընթացքում Արգենտինան և Ֆրանսիան միմյանց դեմ մրցել են 12 անգամ։ Դրանցին ինը եղել են ընկերական։ Արգենտինան հաղթել է խաղերից վեցում, երեք անգամ հաջողության են հասել ֆրանսիացիները, իսկ մնացած երեք խաղերում գրանցվել է ոչ֊ոքի արդյունք։ Աշխարհի առաջնություններում երկու հավաքականները միմյանց բախվել են երեք անգամ։ Առաջինը եղել է հենց առաջին աշխարհի առաջնությունում պատմության մեջ (1930), որտեղ արգենտինացիները հաղթել են նվազագույն հաշվով։ 1978 թվականի Մունդիալում, որը անցկացվում էր հենց Արգենտինայում, Ալբիսելեստեն կրկին առավելության է հասել կապույտների նկատմամբ, այս անգամ հաղթելով 2։1 հաշվով։ Իսկ վերջին պաշտոնական հանդիպումը թիմերի մեջ տեղի է ունեցել չորս տարի առաջ՝ Ռուսաստանի աշխարհի առաջնության շրջանակներում։ 1/8 եզրափակչում Դեշամի սաները առավելության են հասել 4։3 հաշվով։
Երկու հավաքականներն էլ պարտություն ունեն գրանցած Կատար 2022-ում։ Արգենտինան պարտվել է հենց առաջին տուրի հանդիպումը Սաուդյան Արաբիային, իսկ Ֆրանսիան զիջել է Թունիսին խմբային փուլի եզրափակիչ տուրում, որտեղ արդեն ապահովել էր տեղը փլեյ֊օֆֆում և ոչնչի համար չէր պայքարում։ Դրանից հետո երկու հավաքականները հաղթանակներ են գրանցել։ Բացառություն կարելի է համարել 1/4 եզրափակիչ Արգենտինա֊Նիդերլանդներ հանդիպումը, որտեղ գրանցվել էր մարտական ոչ-ոքի (2-2), և Մեսսին խաղընկերների հետ կիսաեզրափակիչ դուրս եկան հետխաղյա տասնմեկ մետրանոցների շնորհիվ։
Բացակայող ֆուտբոլիստներ
Վստահաբար հանդիպումը բաց կթողնեն Կարիմ Բենզեման և Լուկաս Հերնանդեսը։ Բենզեման աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին վնասվածք ստացավ և չհասցրեց վերականգնվել, իսկ Լուկաս Հերնանդեսը Ավստրալիայի դեմ մեկնարկային խաղում խաչաձև կապանի վնասվածք ստացավ և մի քանի ամիս խաղադաշտ դուրս չի գա։ Նաև կան ֆուտբոլիստներ, ում հանդիպման մասնակցելը հարցականի տակ է։ Արգենտինայից դա Պապու Գոմեսն է, իսկ Ֆրանսիայից՝ Չուամենին, Վարանը և Տեո Հերնանդեսը։ Տեոն նախորդ խաղում էր վնասվածք ստացել, իսկ Չուամենիի և Վարանի թեման այդքան էլ միանշանակ չէ։ Մամուլի ասուլիսին Դիդյե Դեշամը նշել էր, որ մի քանի ֆուտբոլիստներ վարակվել են, սակայն անուններ չնշեց։ Զանգվածային մամուլը շրջանառում է այս երկուսի անունները։
Երբ հանդիպումը մեկնարկի՝ բոլոր վիճակագրությունները և փաստերը կդառնան առ ոչինչ։ Ամեն ինչ կորոշվի խաղադաշտում՝ 90, 120 կամ մի փոքր ավելի շատ րոպեների ընթացքում։ Մեզ մնում է վայելել այս Մունդիալի վերջին հանդիպումը…
Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Երրորդ կուրս