Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել ալիեւյան դիկտատորական ռեժիմի հանդեպ․ հայտարարություն

Դեկտեմբեր 17,2022 23:15
Arcax

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու եւ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, որին հետեւեց նաեւ Արցախը սնուցող գազատարի փակումը: Այս նոր բլոկադայի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, ընտանիքները՝ բաժանված, Արցախի ամբողջ բնակչությունը՝ առանց ջեռուցման, իսկ շտապ վիրահատական միջամտության կարիք ունեցող հիվանդներ՝ չեն կարողանում տեղափոխվել Երեւան: Սա Արցախյան հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորման մինչ այժմ համաձայնեցված սկզբունքների, ինչպես նաեւ 2020թ.-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եզրափակող զինադադարի վերաբերյալ՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն է: Միայն միջազգային հանրության ակտիվ միջամտության եւ Ադրբեջանի վրա ճնշման արդյունքում գազի մատակարարումները Արցախում վերականգնվեցին, մինչդեռ ճանապարհը մնում է փակված: Սակայն փորձը ցույց է տալիս, որ չի կարելի բացառել այս ագրեսիվ արկածախնդրության հերթական կրկնողությանը:

Մի դիկտատուրայում, ուր ազատորեն իր մտքերն արտահայտող եւ հանուն իրավունքների ու օրինականության պայքարող ցանկացած ընդդիմադիր գործիչ եւ քաղաքացիական ակտիվիստ կա՛մ բանտարկվում է, կա՛մ սպանվում, կա՛մ արտագաղթում, մի երկրում, որը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դասվում է աշխարհի վատթարագույն դիկտատուրաների շարքում՝ Բելառուսի եւ Ռուսաստանի հետ, իբր էկոլոգիական խնդիրներով մտահոգ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինների հովանու ներքո, մեղսակից են դառնում ռեժիմի հակամարդկային այս ամոթալի արարին: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես մասնակի ազատ երկիր, մարդու իրավունքների, ընտրական ժողովրդավարության, կոռուպցիայի ցուցանիշներով ստանալով չորս անգամ ավելի բարձր վարկանիշ, քան Ադրբեջանն է, որը գնահատվում է որպես ոչ ազատ երկիր:

Ձմռան ցուրտ ամսին նման գործողությունը ցույց է տալիս, որ Արցախի բնակչության ոչ միայն իրավունքները, այլեւ տարրական անվտանգությունը եւ կենսապահովումը չի կարող երաշխավորված լինել Ադրբեջանի կազմում, ուստի լեռնային-ղարաբաղյան խնդրի միակ լուծումը կարող է լինել անջատում հանուն փրկության միջազգայնորեն ճանաչված նորմի կիրառումը: Ճանապարհի շրջափակումը տեղի է ունենում օդային հաղորդակցության հանդեպ Ալիեւի հնչեցվող սպառնալիքների ֆոնին, երբ նա հայտարարում է, որ ցանկացած ինքնաթիռ, որը կփորձի ուղեւորվել Հայաստանից Արցախ՝ լինի դա ռազմական թե քաղաքացիական՝ կխոցվի Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս ամենը ցույց է տալիս, որ Ալիեւի հավաստիացումները առ այն, որ «Ադրբեջանը պատրաստ է երաշխավորել իր հայ քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները» կեղծ են եւ միտված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս սադրանքը ուղղված է նոր ռազմական էսկալացիայի հիմքեր նախապատրաստելուն, որով Ալիեւի ռեժիմը, օգտվելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ուղղությամբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումից, մտադիր է ավարտին հասցնել Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, որը սկսվել էր դեռ խորհրդային Ադրբեջանի ժամանակաշրջանում եւ հետեւողականորեն շարունակվել մինչ օրս:

Ադրբեջանի այս ոճրագործ եւ հակահայ գործողությունները հերթական անգամ տեղի են ունենում Ռուսաստանի լռելյայն աջակցությամբ: Ռուս «խաղաղապահները» չեն կատարում իրենց բուն գործառույթները, ինչը մատնում է Կրեմլի պլանները՝ ինչ-ինչ վճարների կամ շահաբաժինների դիմաց հերթական անգամ զոհասեղանին դնել հայ ժողովրդին:

Ելներով վերը շարադրածից,

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը.

  • Պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից ակտիվացնել Հայաստանի արեւմտյան գործընկերների հետ դիվանագիտական աշխատանքը՝ հորդորելով անհրաժեշտ ճնշումը գործադրել Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու, Արցախում վերահաս հումանիտար աղետը կանխելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի օկուպացիոն զորքերի դուրսբերման եւ բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։
  • Պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից հարց բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախում տեղակայված ռուսական զորքերը ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵՄ կամ ԵԱՀԿ խաղաղապահներով փոխարինելու վերաբերյալ.
  • Վերահաստատում է իր պահանջը Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ անհրաժեշտ գործուն եւ ակտիվ քայլերը ձեռնարկել Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղությամբ։
  • Պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից ակտիվացնել բանակցությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ ՀՀ բարեկամ այլ երկրների հետ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված ռազմատեխնիկական համագործակցության ծավալման ուղղությամբ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵՄ եւ ԱլԳ ժողովրդավար երկրներին եւ նրանց քաղաքացիական հասարակություններին շարունակել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների եւ դրանցում քաղաքացիական հասարակության անվան ներքո իր որոշ քաղաքացիների ներքաշման դատապարտման արշավը:

Մենք նաեւ կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել ալիեւյան դիկտատորական ռեժիմի հանդեպ, խզել դրա հետ բոլոր կապերը, դադարեցնել դրա ֆինանսավորումը, ինչպես նաեւ վերականգնել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031