Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբում տունը կորցրած, հետո ընտանիքով Արցախում հաստատված Մարալը չի կարողանում վերադառնալ Մեծ Շեն՝ ծնողների մոտ․ նա Երեւան էր եկել վիրահատության

Դեկտեմբեր 17,2022 21:24

12-ամյա Մարալ Ափելյանը երկու շաբաթ առաջ Արցախից եկել էր Երեւան, ու դեռ երկու օր առաջ պետք է որ վերադառնար Արցախ, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ։ Մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են իբրեւ բնապահպաններ, փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փաստացի Արցախը շրջափակման մեջ է։

Մարալը Երեւանում առանց ծնողների է, հայրիկն ու մայրիկը Արցախի Մեծ Շենում են։

«Շրջիկ բժիշկներ»  առողջապահական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմինե Բարխուդարյանն Aravot.am-ին պատմում է, որ կազմակերպության ծրագրերով հաճախ են մեկնում Արցախ, տարբեր գյուղերում են լինում եւ առողջապահական աջակցություն ցուցաբերում բնակիչներին։

Այցերից մեկի ժամանակ Մեծ Շենում, որտեղ, ինչպես Արմինեն է ասում, մեծ թվով հիվանդների են հանդիպել, հենց այդ ժամանակ էլ Մարալի ակնաբուժական խնդիրների մասին են տեղեկացել։ Հաջորդ այցին ակնաբույժի հետ էին, բժիշկը Մարալին զննել է, ու  խորհուրդ տվել գալ Երեւան հետազոտության։

Երկու շաբաթ առաջ Մարալը հետազոտվել է, հետո վիրահատել են, հետո նորից զննում անցել, ու պարզել՝ ամեն ինչ լավ է, Մարալը կարող է տուն վերադառնալ։  Բայց դե Մարալը չգիտի՝ երբ կարող է վերադառնալ Մեծ Շեն, չնայած որ Արցախում ամեն օր սպասում են, որ ճանապարհը կբացվի։

«Հիմա ինչ կատարվում է՝ ինձ  շատ ծանոթ բան է, որովհետեւ Սիրիայում ես մի հատ տուն եմ կորցրել, հիմա որ ճանապարհները փակել են, ճիշտ է, շատ երեխաներ վախենում են, ասում են՝ կարո՞ղ է մի վատ բան լինի,  բայց ես իրենց կասեմ՝ մի՛ վախեցեք, ամեն ինչ լավ կլինի»,-ասում է Մարալը։

Աղջնակն ասում է՝ թեեւ այստեղ՝ Երեւանում Արմինե (Արմինե Բարխուդարյանը՝ Ն․Բ) քույրիկն  իրեն լավ է նայում, նրանց տանն էլ հյուրընկալվել է, այլ տեղ չկար գնալու,  մեկ է՝ մամային-պապային կարոտել է․ «էս մեծ քաղաքում՝ Երեւանում, ես վատ եմ զգում, որ առանց ծնողներիս եմ»։

Մարալի ընտանիքը 2021 թվականին է տեղափոխվել եւ հաստատվել Մեծ Շենում, Սիրիայի Քեսաբի Քյուրքյունա գյուղից են եկել։ Մայրն իմացել է, որ Մեծ Շենում բուժքույրի կարիք կա ու անմիջապես որոշել է տեղափոխվել այնտեղ։

«Մամաս ասաց՝ Մարալ, հավաքվիր, գնում ենք Արցախ։ Ճիշտն ասած՝  ես վախենում էի, ասում  էին Շուշին տվել են, իսկ Մեծ Շենը Շուշիին շատ մոտ է։ Օգոստոսի 9-ին այնտեղ տուն ունեցանք, բնակվեցինք։ Մեծ Շենը շատ է դուրս գալիս, մեր Սիրիայի գյուղին է նման։ Շատ եմ ուզում վերադառնալ գյուղ»,-ասում է Մարալը։ Նա ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էր, որպեսզի իր բողոքը հայտնի միջազգային կառույցներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031