Դեկտեմբերի 17-ին կայացան ընտրատարածքային ընտրական նորանշանակ հանձնաժողովների առաջին նիստերը, որտեղ էլ ընտրվեցին հանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ քարտուղար։
Կապանի, Քաջարանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովի 7 անդամներից անդրանիկ նիստին մասնակցեցին 5-ը։ Մինչ հանձնաժողովի ձեւավորվելը, ըստ Կապանում շրջանառվող տարբեր խոսակցությունների՝ շատերը նշանակվելու համար ծանոթներ էին փնտրում։ Ի վերջո, դիմել էին 14 հոգի։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում, երբ նախապատվության սկզբունքով՝ ԿԸՀ անդամները թիվ 35 ԸԸՀ-ի անդամներ էին նշանակում, առաջին անդամի՝ Ռամելա Հակոբյանի անունը հնչեցնելուց հետո ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը փռշտաց։ «Այսքանն էլ ճիշտ»՝ արձագանքեց քարտուղար Արմեն Սմբատյանը։ Կազմը հրապարակելուց հետո ԿԸՀ քարտուղարը թերեւս նկատեց իր գործընկերների դժգոհությունը։ «ԿԸՀ անդամների ոմանց հայացքներում երբեմն ոչ գոհունակություն եմ տեսնում արդյունքի վերաբերյալ, բայց սա կոլեգիալ եւ ընդհանուր որոշում է, ու բոլորը բավարարված պիտի լինեն»,-հայտարարեց Արմեն Սմբատյանը։
Կարդացեք նաև
Թիվ 35 ԸԸՀ նիստը վարեց տարիքով ամենաավագ անդամը՝ Ռամելա Հակոբյանը։ Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռամելա Հակոբյանը նախկին հանձնաժողովի կազմից միակն է, որը նորից նշանակվեց հանձնաժողովի անդամ։
Միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արշավիր Խալափյանը, տեղակալ՝ Յուրիկ Մարտիրոսյանը, քարտուղար՝ Ռամելա Հակոբյանը, որը 2005 թ.-ից միշտ հանձնաժողովի քարտուղար է ընտրվում։
Եթե թիվ 35 ԸԸՀ-ում արշալույսները խաղաղ էին ու ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի «սաբրը խեր» էր, ապա Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ԸԸՀ-ում նախագահի ընտրությունը «անցնցում» չէր։ Հանձնաժողովի սիսիանյան թեւը դեմ քվեարկեց նախագահի թեկնածու Արմեն Ստեփանյանին․ նրա օգտին քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամներից 5-ը։ Վերջինս նույնպես թիվ 34 ԸԸՀ-ի նախկին կազմից միակն է, որ այս անգամ էլ ընդգրկվեց հանձնաժողովում։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ սիսիանցի հանձնաժողովականները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի «դաբրոյով» են նշանակվել։ Նշենք նաեւ, որ առաջիկայում Սիսիանում նշանակվելու են համայնքի ավագանու նոր ընտրություններ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ