«Հայաստան» հիմնադրամը (Armenia fund)-ը Հայաստանում և Արցախում իրականացնում է բժշկական կենտրոնների վերանորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրեր: Առաջիկայում ծրագրվում է վերակառուցել Բերդի և Նոյեմբերյանի Ն․ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնները:
Այս մասին Aravot.am-ին հայտնեցին «Հայաստան» հիմնադրամից։ 2500 շահառու ունեցող Բերդի բժշկական կենտրոնի համալիրը կազմված է տարբեր մասնաշենքերից։ Այն ընդլայնման կարիք ունի: Ներկայումս կենտրոնն ունի երկու չգործող մասնաշենք, որոնց հիմնովին վերակառուցման պարագայում, այն կունենա լրացուցիչ 35-40 հիվանդասենյակ, որոնք խիստ անհրաժեշտ են:
Նոյեմբերյանի Ն․Նասիբյանի անվան բժշկական կենտրոնը կառուցվել է 1960-70-ական թվականներին, սակայն տարիներ շարունակ չի գործել։ 2009 – 2010 թթ․-ին «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է գլխավոր մասնաշենքը և հագեցվել նորագույն սարքավորումներով: 2011 թ․-ին Նոյեմբերյանի ԲԿ-ն, որը բացի Նոյեմբերյան քաղաքից սպասարկում էր նաև հարակից գյուղերի բնակչությանը՝ մոտ 30 000 շահառուի, վերանվանվեց «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ»-ի: Այստեղ առկա են հիվանդանոցային և արտահիվանդանոցային բաժիններ: Այսօր բժշկական համալիրը հիմնովին վերակառուցման կարիք ունի՝ էլ ավելի ընդլայնված գործունեություն ծավալելու համար:
Հիմնադրամից մեզ նաև տեղեկացրին, որ վերջին 2 տարվա ընթացքում Տավուշում իրականացվել են նաև կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր։ Բերքաբեր համայնքում ավելի քան 140 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ապահովվել են ոռոգման ջրով՝ թույլ տալով գյուղացիներին մշակել իրենց հողերն ու ամրացնել Տավուշի սահմանները: Բերքաբերի դպրոցի, Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տանիքիներին տեղադրվել են արևային կայաններ։ Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի խնդիրներ են լուծվել Բաղանիս և Պառավաքար համայնքներում։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ himnadram.org կայքից