Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործող քաղաքական, հասարակական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ

Դեկտեմբեր 17,2022 16:24

2022 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը։

Համաժողովի ժամանակ ընդլայնված կազմով քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, որի արդյունքում կառավարման խորհուրդը` նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, հայտարարություն է ընդունել։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։

Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը, գնահատելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարում է.

· 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերահաստատում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստանի՝ համերաշխության և ներքին միասնականության անհրաժեշտության օրակարգը՝ հանուն Հայաստանի պետականության պաշտպանության ու ամրապնդման։

· Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ թշնամական սադրանքները վերստին հաստատում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային արդյունավետ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է Արցախի ժողովրդի կյանքի և անվտանգության երաշխավորումը։

· Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի գնահատումից բխում է, որ Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունեն։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չեն։

· Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն ժողովրդավարական և արդիական պետությանը հարիր բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում։

· Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում ընթացող բարեփոխումները՝ շարունակելով մնալ առաջնահերթություն, պետք է երաշխավորեն արդիական, պրոֆեսիոնալ բանակի տեսլականի իրագործումը, որն աներկբա կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Հանուն այս մարտահրավերների հաղթահարման «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործող քաղաքական, հասարակական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031