1994 թվականի հոկտեմբերից 1997 թվականի սեպտեմբերը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանն օրերս իր գրքի շնորհանդեսի ժամանակ պատմել էր. «Երբ պատերազմից առաջ Արտակ Բեգլարյանի հետ խոսում էի, ասում էի՝ չեք հասկանում, պատերազմը պիտի գա ու կորցնենք, ի՞նչ պիտի լինի, մեծ շանս եմ տեսնում, որ պատերազմ պիտի գա, ասեց՝ մեկ մարդու պես կգնանք կկռվենք ու կզոհվենք, ասեցի՝ ինչ է, նոր Ավարա՞յր պիտի սարքեք: Մեզ պետք չէ այդ նոր Ավարայրը»:
Այսօր «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասաց, որ հիմա էլ նույն կերպ կպատասխաներ այդ հարցին. «Խնդիրն այն է, որ մենք այլընտրանք չունենք եւ նժարի վրա դրված է մեր հայրենիքը: Եթե պրն Լիպարիտյանը լավատեսորեն մտածում է, թե Ադրբեջանի հետ որեւէ համագործակցությամբ հնարավոր է որեւէ լուծում գտնել եւ երկարաժամկետ պահել հայրենիքը՝ տասնամյակներ, միգուցե դարեր հետո անդրադառնալ հայրենիքի ամբողջական վերադարձին, այսինքն՝ ժամանակ ձգել, իսկ ես համոզված եմ, որ դա հայրենիքի հիմնավորված, երաշխավորված կորուստ է: Իսկ մյուս տարբերակը, որն անորոշություններով ու ռիսկերով, նաեւ զրկանքներով ու զոհողություններով լի է, բայց որոշակի հավանականություն ունի, որ կարող ենք փրկել հայրենիքը: Միգուցե մեծ զոհողություններով, բայց կարող ենք փրկել:
Հիմնականում սա է հարցը: Ես կողմ եմ երկարաժամկետ ու վճռական պայքարի: Իսկ պատերազմից հետո մեր բանավեճի ժամանակ իրեն ասացի, թե կարծում եմ՝ ցավոք, ինքը չի տեսնի Արցախի անկախության ճանաչումը: Ցավոք՝ այն առումով, որ ուղղակի մեծ տարիք ունի, եւ Արցախի անկախության ճանաչումը (միջազգային ողջ հանրության՝ ոչ հատուկենտ երկրների կողմից) հավանաբար այդքան արագ տեղի չի ունենա: Սա տասնամյակների պայքար է: Ցավոք սրտի, պրն Լիպարիտյանը չի տեսնի, բայց ես համոզված եմ, որ ես կտեսնեմ»:
Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի առջեւ «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը Արտակ Բեգլարյանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն են:
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ