«Արցախ», «Հայրենիք», «Հերոս տղերքը», «Իմ տուն Արցախ». երեկ Երևանի կենտրոնում Արցախի երեխաների ձայնն էր հնչում։ Երեխաները, որոնք արդեն յոթերորդ օրն է՝ չեն կարողանում գնալ տուն ու միանալ իրենց ընտանիքներին, հայրենիքին նվիրված երգացանկով ելույթ էին ունենում Երևանի Սիզընս այգու բեմահարթակից։ Նպատակը՝ իրենց ձայնով ու երգով պայքարին միանալն էր, աշխարհին պատմելը, որ նրանց իրավունքները ոտնահարվում են։
18 դպրոցահասակները, որոնք Արցախի տարբեր մշակույթի տների սաներ են, դեկտեմբեի 11-ին «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևան էին եկել մասնակցելու Մանկական Եվրատեսիլին։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց առ այսօր երեխաները չեն կարողանում գնալ Արցախ։
Կարդացեք նաև
«Ապրելու» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արաքսյա Գրիգորյանի խոսքով՝ Արցախցի տաղանդավոր երեխաներն այսկերպ միանում են կյանքի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքի և տուն վերադառնալու համար մղվող պայքարին։
«Սա երեխաների կոչն է ամբողջ աշխարհին, սփյուռքին, միջազգային հանրությանը, կազմակերպություններին ու դեսպաններին։ Եվ ես հուսով եմ, այն տեղ կհասնի, ու երեխաները շուտով կգնան իրենց տուն, իրենց ընտանիքներ։ Առաջին օրվանից «Ապրելու» հիմնադրամը ստանձնել է երեխաների կեցության հարցը. երբ իմացանք, որ ճանապարհը փակ է, կապ ենք հաստատել Արցախի կառավարության հետ, ստացել համաձայնությունը և շարունակել երեխաներին պահել Հիմնադրամի հոգածության ներքո»,-նշեց Արաքսյա Գրիգորյանը։
«Շատ ենք կարոտում մեր ծնողներին մեր հայրենիքը, բայց այստեղ մեզ համար ամեն ինչ անում են, որ մեր օրը լավ անցնի։ Վստահ ենք, որ վերադառնալու ենք մեր տուն, Արցախ, մեր ընտանիքիներ»,- ասում են արցախցի երեխաները։
Երեխաների կողքին լինելու և աջակցելու համար հարյուրավոր մարդիկ էին եկել, ովքեր հուզված լսում էին երեխաներին, քաջալերում ու ոգևորում իրենց ներկայությամբ։
«Ապրելու» հիմնադրամ