Կոլումբիայում ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը եզրափակեցին գերծանր քաշային (+109 կգ) տղամարդիկ:
Հայաստանն այստեղ ներկայացնում էին Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ մեր ընտրանու նախկին անդամ Գոռ Մինասյանը այս անգամ հանդես էր գալիս Բահրեյնի դրոշի ներքո:
Վարազդատ Լալայանը երկամարտում ցույց տվեց 461 կգ արդյունք եւ բավարարվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալով, սակայն պոկում վարժությունում նա հավասար պայքար մղեց վերջին տարիներին անպարտելի համարվող Լաշա Տալախաձեի հետ եւ նույն 215 կիլոգրամով արժանացավ փոքր արծաթե մեդալի:
Կարդացեք նաև
Աշխարհի առաջնությունում գերծանր քաշայինների մեջ նորամուտը նշած Սիմոն Մարտիրոսյանը բավարարվեց 8-րդ տեղով (425=190+235 կգ):
Իսկ ահա Գոռ Մինասյանը երկամարտում կարողացավ արձանագրել 462 (212+250) կիլոգրամ եւ Բահրեյնի հաշվարկին բերեց արծաթե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ