Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն այցելել «Պառկեք, պարոն նախագահ» ներկայացման պրոդյուսերին

Դեկտեմբեր 17,2022 12:45

Ռուսական թատերախումբը Հայաստանում ցանկանում է ներկայացնել «Պառկեք, պարոն նախագահ» կատակերգությունը, սակայն ներկայացումը դեռ չցուցադրված՝ դրանով հետաքրքրվել է ՀՀ ԱԱԾ-ն:

Aravot.am-ը ներկայացման պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովից հետաքրքրվեց՝ իր տպավորությամբ ո՞րն է պատճառը, որ շարժել են ԱԱԾ-ի հետաքրքրությունը: Խնդրեցինք մանրամասներ ներկայացնել, հատկապես, որ ԱԱԾ աշխատակիցները նաեւ պրոդյուսերի տուն էին այցելել:

«Մեր ներկայացման շուրջ ինտրիգ ստեղծելու համար քաղաքով մեկ պաստառներ էինք կախել «Պառկեք, պարոն նախագահ» գրությամբ, որտեղ դագաղ էր պատկերված եւ ներկայացման przdnt.am կայքի հասցեն: Կայքում տեղադրված էր հետհաշվարկի ժամանակաչափ: Երբ ժամանակաչափը հասներ զրոյի, պետք է սկսեինք ներկայացման տոմսերի վաճառքը:

Ես գիտեմ, որ մեր կայքը եւ պաստառը շատ մեծ հետաքրքրություն էին առաջացրել, տեղադրել էինք նաեւ ինստագրամում եւ թելեգրամի խմբերում: Մեր կայքը 3 օրվա ընթացքում ունեցել էր 5000 բացառիկ այցելու: Դրանից հետո հոսթինգ-պրովայդերի կողմից արգելափակվեց մեր przdnt.am դոմենը: Ես տեխաջակցության համար նամակ գրեցի, սակայն 12 ժամ շարունակ ոչ մի պատասխան եւ արձագանք չեղավ կայքի արգելափակման վերաբերյալ:

Զանգեցի դոմենը գրանցած ընկերության համարով եւ տեղեկացա, որ  կայքն արգելափակվել է ԱԱԾ-ի պահանջով: Նույն օրը այցելեցի ԱԱԾ եւ դիմում- բացատրություն գրեցի, որ մենք ներկայացում ենք բեմադրել, ուստի խնդրում ենք հանել դոմեյնի արգելափակումը»,- Aravot.am-ին հայտնեց Սերգեյ Ցելիկովը:

«Պառկեք, պարոն նախագահ» կատակերգության պրոդյուսերը հավելեց, որ ԱԱԾ երկու աշխատակիցներ նաեւ իր տուն են այցելել. «Շուրջ 30 րոպե նրանք բառացիորեն մանրամասն հարցաքննում էին ինձ, թե ինչով եմ զբաղված Հայաստանում եւ ինչ պետք է տեղի ունենար, երբ կայքում տեղադրված ժամանակացույցը հասներ զրոյի: Հետաքրքրվել են նաեւ Պուտինի եւ Նավալնու վերաբերյալ  իմ վերաբերմունքի մասին: Այդ ամենն  արձանագրելով՝ նրանք հեռացան՝ խոստանալով շուտով բացել կայքի արգելափակումը: Այդ պահից անցել է մեկ շաբաթ, սակայն, ներկայացման przdnt.am  կայքը դեռեւս արգելափակված է, ստիպված ներկայացման կայքը տեղափոխել ենք przdnt.com դոմենի վրա»:

Նշենք, որ ներկայացումը բեմադրվել է Օկսանա Նեկրիտովայի պիեսի հիման վրա: Ներկայացումն այն մասին է, թե ինչպես է գավառական քաղաքի տաղտուկ առօրյան հանկարծ փոխվում, երբ տեղի հիվանդանոցում հայտնվում է բարձրաստիճան բուժառու՝ նախագահը: Ներկայացման ռեժիսորը Ալեքսեյ Գայլիտն է: Ներկայացման կայքում գրված է, որ կատակերգությունը աբսուրդի ժանրում է, իսկ պիեսի տեքստը ներկայումս սուր ռեալիզմ է թվում. «Այն զվարճալի է, դրամատիկ, տեղ-տեղ ողբերգական ու վերջում՝ անսպասելիորեն ռեալիստական»:

Հիշեցնենք, որ վերջերս խափանվել էր նաեւ Ցելիկովի նախաձեռնած մեկ այլ միջոցառում՝ խոսքը Ռուսաստանում եւ Բելառուսում արգելված Բորիս Գուցի «Մինսկ» ֆիլմի մասին է, որը մեծ դժվարությամբ ցուցադրվեց Հայաստանում: Ռուս-էստոնական «Մինսկ» ֆիլմը 2020 թ. Բելառուսի արյունալի բախումների մասին է, որոնք սկսվեցին  Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրությունից հետո, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։ Ֆիլմը ցուցադրելուց առաջ էլցանցից անջատել էին Կինոյի տան հոսանքը, ֆիլմը ցուցադրվել էր նշանակված ժամից երկու ժամ հետո:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031