Ադրբեջանի իշխանությունը դեռ 25 տարի առաջ` հայր Ալիևի օրոք է վաճառել Դրմբոնի՝ Ղըզըլբուլաղի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը Միացյալ Նահանգներում` Դելավերում գրանցված մի ընկերության:
Հեյդար Ալիևի պաշտոնական կայքն այն ժամանակ մեծ հանդիսավորությամբ հաղորդել էր`«1997 օգոստոսի 20-ին նախագահական պալատում պետական “Азергызыл” և ամերիկյան “R.V. Investment Group Services” ընկերությունները պայմանագիր ստորագրեցին՝ Ադրբեջանի վեց հանքավայրերում ոսկու, արծաթի ու պղնձի համատեղ արդյունահանում սկսելու մասին»:
Դրանցից երեքը՝ Քելբաջարի Սոթքը, Զանգիլանում գտնվող Վեջնալին ու Դրմբոնի Ղըզըլբուլաղ հանքերը, այդ պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ: Պայմանագրում, որի ստորագրմանը ներկա էր եղել նաև այդ ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, նշվում էր՝ «օկուպացված այդ տարածքները կազատագրվեն», չհստակեցնելով՝ երբ և ինչպես:
Կարդացեք նաև
Ու թեև հեռանկարն ավելի քան անորոշ էր, բայց դա չէր խանգարել ամերիկյան ընկերությանը գործարք կնքել ու 500 միլիոն դոլարի ներդրումներ խոստանալ:
Ովքեր էին գնացել այդ ռիսկին
Ընկերությունը, որի կառավարումը 2000-ականներից հանձնվել է Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին, ղեկավարում է 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին։ Նա ամենախոշոր սեփականատերն է՝ բաժնետոմսերի մոտ 30 տոկոսով, և անձամբ է համաձայնեցրել գործարքի պայմանները Հեյդար Ալիևի հետ:
«Գործարքը կնքելիս՝ 1997-ին, ես պնդում էի, որ պայմանագրում ներառենք նաև այդ երեք հանքերը: Բոլորն ասում էին՝ դա օկուպացված տարածք է, ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի, մինչդեռ ես մշտապես հավատում էի ու բոլորին ասում էի՝ մեր պայմանագիրը 20,30 տարով է, մինչ այդ հողերը կազատագրվեն», – պատմել է Վազիրին:
Իրանում ծնված գործարարը եղել է Շահի արտաքին կապերի գծով գլխավոր խորհրդականը, Իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, 90-ականների վերջին ներդրումներ սկսել նորանկախ Ադրբեջանում: Ազդեցիկ կապեր ունի ամերիկյան քաղաքական ու գործարար էլիտայում: Բավական է միայն նշել, որ նա նախագահում է Ադրբեջան-ԱՄՆ առևտրի պալատի տնօրենների խորհուրդը, որի պատվավոր անդամներն են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին ու նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Վազիրին նաև համարվում է Իլհամ Ալիևի մերձավորներից մեկը:
Տարիներ առաջ ավստրալացի ու ամերիկացի հետաքննող լրագրողների տրամադրության տակ էին հայտնվել նավթարդյունահանման ոլորտի տասնյակ փաստաթղթեր ու էլեկտրոնային նամակներ, որոնցից մի մասում շրջանառվում էր նաև Վազիրիի անունը: Գաղտնազերծված այդ թղթերում նա ներկայացվում էր որպես մեկը, որ կարող է ցանկացած ժամանակ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի վարչապետի հետ, նավթի նախարարից էլ կորզել այն, ինչ պետք է:
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց յոթ շրջաններն ու այնտեղ գտնվող հանքերը, Վազիրին հայտարարեց՝ «մեր առջև նոր հորիզոններ բացվեցին»:
«Երբ Հայաստանի հետ պատերազմն ավարտվեց, Ադրբեջանի կառավարությունը մեզ փոխանցեց Վեջնալիի հանքավայրը: Ես անձամբ եմ գնացել այնտեղ, տպավորությունս դրական է, և մենք շատ մեծ հույսեր ունենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակում արդեն կսկսենք այն շահագործել», – ասում է Վազիրին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում