ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի կենտրոնական իշխանության ուղիղ ենթակայությամբ գործող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարը հայտարարել է, որ բնապահպանական պահանջներից բացի, Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակումը պայմանավորված է նաև Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, միջանցք չտրամադրելու հանգամանքով։
Այն, որ Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում։
Այն, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ միջանցքի փակելը ուղիղ կապ ունի Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի տարածքով և Հայաստանն ու Արցախը կապող հաղորդակցության միջոցները պետք է ունենան միևնույն ռեժիմը, սա ևս հայտնի փաստ է։
Այստեղ որոշակի առումով նորություն է Մեղրիով միջանցք ստանալու թեմայի ակտիվացումն ու առաջին պլան բերելը։
Մեղրիի թեման օրակարգից դուրս չէր էլ եկել, սակայն հատկապես Իրանի կոշտ հայտարարություններից, հակազդեցությունից հետո մի տեսակ երկրորդ պլան էր անցել։
Կարդացեք նաև
Մյուս կողմից, Ադրբեջանն անընդհատ նշում է, որ Հայաստանի տարածքով հաղորդակցությունը մի քանի ուղղություններ է ենթադրում, այդ թվում՝ երկաթգծային կապի միջոցով։
Եթե սրան գումարում ենք Թուրքիայից հնչող հայտարարություններն ամեն գնով միջանցք ստանալու վերաբերյալ, ինչպես նաև՝ Արցախից օկուպացված հարավային հատվածներում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրքական տեխնիկան մասնակի կամ ամբողջական Ադրբեջանի վերահսկողության տարածքներում թողնելը, ապա պատկերն ամբողջական է դառնում։
Մի խոսքով, թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել, որի պայմաններում Հայաստանի իշխանությունը հիմնականում բավարարվում է Արցախի հումանիտար վիճակի բարձրաձայնմամբ։