Շատերն են այս օրերին հարց տալիս, թե արդյոք պատահակա՞ն է, որ պատերազմից միայն երկու տարի անց է Ադրբեջանը կազմակերպում Լաչինի միջանցքի փակումը։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ Բաքուն այս օրվան հասնելու համար հետևողական ու աստիճանական քայլեր է ձեռնարկել։ Այլապես պատերազմի ավարտից անմիջապես հետո նման քայլերի կարող էր դիմել։
Իսկ ի՞նչ պայմաններ են ստեղծվել դրա համար։ Նախ՝ Ադրբեջանը չի իրագործել նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները, Արցախից նոր տարածքներ է օկուպացրել, գերիներին պահում է որպես սակարկության առարկա և ոչ միայն չի բացում հաղորդակցության ուղիները հայկական կողմի համար, այլև ներխուժել է ՀՀ տարածք և անընդհատ սադրանքներով լարվածություն է ստեղծում սահմաններում՝ փորձելով մշտապես ճնշում գործադրել հայկական կողմի վրա։
Հիմա հասկանանք, թե ինչու և ինչպես է Բաքուն հետևողականորեն խախտում եռակողմ հայտարարության դրույթները, որոնց մասին Փաշինյանը կառավարության նիստում լալահառաչ հայտարարում էր ու հերթով թվարկում։ Նախ՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթների, կողմերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, այսինքն՝ փաստաթղթի ստորագրման դրությամբ հայկական զինված ուժերը պետք է մնային բոլոր այն տարածքներում, որոնք այդ պահի դրությամբ դեռևս իրենց վերահսկողության տակ էին գտնվում։ Իսկ Փաշինյանը ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ խոստովանեց, որ ինքն է հրաման տվել, որ զինված ուժերը հետ քաշվեն հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Կովսականի տարածքի մի մասից, որի հանձնման մասին փաստաթղթում որևէ խոսք չկար, իսկ դա էլ փաստացի պայմաններ է ստեղծել, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Սյունիքի տարածք։
Բայց մյուս կողմից էլ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծել Ադրբեջանի համար, որ նոր տարածքներ բռնազավթի, ցանկացած պահի փակի Լաչինի միջանցքը կամ նմանատիպ այլ քայլերի գնա։ Հաջորդը: Մեղադրելով նախկիններին՝ իբր թե նրանք են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին և այլն, Փաշինյանը Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունեց այն հայտարարության տեքստը, որի համաձայն, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Այդպիսով նա բոլոր գործիքները տվեց Բաքվին, որ նույնիսկ ոչ ռազմական ճանապարհով՝ այսպես կոչված բնապահպանների օպերացիայի շրջանակներում, կազմակերպի սադրանք Արցախի Հանրապետության նկատմամբ ու պահանջներ ներկայացնի Արցախի հանքերի նկատմամբ։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում