Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս պետք է փոխվենք

Դեկտեմբեր 17,2022 10:00

1958 թվականին խորհրդային էկրան բարձրացավ «Կոմունիստ» ֆիլմը: Անվանումը թող ձեզ չվախեցնի. գաղափարախոսական շղարշի տակ գործին նվիրվելու մասին պատմություն է: Այդ ֆիլմում կա այսպիսի մի դրվագ. սովյալներին սնունդ հասցնող գնացքը կանգնել է՝ վերջացել է վառելիքը: Շուրջբոլորը անտառ է՝ հսկայական ծառերով, եւ գլխավոր հերոսը վերցնում է կացինն ու մի ամբողջ օր փորձում այդ ծառերը կտրել: Ի վերջո, այդ վարքով վարակվում է գնացքի անձնակազմը…

Ինչ պետք է պատերազմի ժամանակ անի Հայաստանի շարքային քաղաքացին: Նա պետք է փոխի իր վերաբերմունքը նախեւառաջ իր անմիջական պարտականությունների հանդեպ: Օրինակ՝ ինձ թվում է՝ այն ուսուցիչը, որը դասարան է մտնում՝ վառվելով երեխաներին գիտելիք փոխանցելու ցանկությունից, նույնքան կարեւոր գործ է անում հաղթանակի համար, որքան խրամատում կռվող զինվորը: Բողոքելուց, տրտնջալուց, կողքիններից բամբասելուց, «գլուխ պահելուց» պետք է հրաժարվել: Եվ նույնը կարելի է ասել ցանկացած այլ մասնագիտության մարդկանց մասին: Նախորդ պատերազմից դաս քաղելը ես հենց այդպես եմ պատկերացնում:

Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ ես հույսեր չեմ կապում: Նրանք ապրում են «խաղաղության դարաշրջանի» ինչ-որ ցնորքների մեջ՝ փոխանակ պարզ եւ հստակ ասեն Հայաստանի քաղաքացիներին՝ «ժողովուրդ, մեզ նոր պատերազմ է սպասում, եկեք միասին պատրաստվենք այդ պատերազմին, որպեսզի այս անգամ հաղթենք»: Խորհրդարանական ընդդիմությունից ես նույնպես լուրջ ակնկալիքներ չունեմ՝ նրանց՝ իշխանության գալու ցանկությունը գերակայում է բոլոր այլ ցանկություններին: Ընդ որում, նրանք կարծում են, որ Պուտինը կնպաստի այդ իշխանափոխությանը՝ չտեսնելով Ռուսաստանի նախագահի ակնհայտ աջակցությունը Փաշինյանին:

Թողնենք նրանց՝ իրենց խաղերով: Կգա ընտրությունների ժամանակը, գուցե կհասկանանք, որ մեզ այլ իշխանություն եւ այլ ընդդիմություն է պետք: Բայց մինչ այդ, կարծում եմ, մենք պետք է մեզ ավելի լավ դրսեւորենք թե՛ մեր աշխատավայրերում, թե՛ որպես քաղաքացիներ, թե՛ որպես հայեր: Մենք կարող ենք չափազանց տարբեր հայացքներ եւ նախասիրություններ ունենալ, իսկ միավորող գործոնները, ենթադրում եմ, երեքն են.

1/ հստակ գիտակցությունը, որ Արցախի կորուստը նշանակում է Հայաստանի Հանրապետության կորուստ,

2/ նույնքան հստակ գիտակցությունը, որ «խաղաղության դարաշրջան» նախագիծը տապալվել է,

3/ պատրաստ լինել զոհերի եւ զրկանքների: Ճիշտ այնպես, ինչպես այն հին սովետական ֆիլմի հերոսը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Կգա ընտրությունների ժամանակը, …»
    Անիմաստ է սպասել վարչապետի ժամկետի ավարտին ու նոր ընտրություններին։ Ռուսաստանն ու Թուրքիան, Անգլիան ու ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Գերմանիան, Իսրայելն ու Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը, Միջին Ասիայի հանրապետությունները (բացի Տաջիկստանից) և Բելառուսն արդեն զոհաբերել են Հայաստանը ու ՀՀ բնակչությանը հանուն իրենց ռազմավարական շահերի։
    «2/ նույնքան հստակ գիտակցությունը, որ «խաղաղության դարաշրջան» նախագիծը տապալվել է,»
    Քանի դեռ «խաղաղության դարաշրջան» նախագծի ճարտարապետները, հիմնադիրներն ու կատարողները կառավարում են, փոփոխություն դեպի լավը չակնկալեք։ Ցավոք, չկա պետական մտածողություն, չկա ազգային հպարտության զգացում, չկա անկախության համար պայքար։
    Նորածին ու արմատազուրկ (հիմնադիր և առաջին «колхоз»-ի նախագահի օրհնությամբ) ՀՀ- ն՝ բուրբոտների շնորհիվ կորցրեց տրված 32 տարի ժամանակը: «Ձուկը միշտ գլխից է փտում:» Քրիստոսին խաչեցին երբ լրացավ նրա 33 տարին:
    Այլևս չկան հայ ֆիդայիներ, հայկական բանակ, հայկական մի բան…
    У сильного всегда бессильный виноват:
    Тому в Истории мы тьму примеров слышим,
    Но мы Истории не пишем;
    А вот о том как в Баснях говорят.
    Իվան Կռիլով – Գայլը և գառը (Առակ), 1808 թ.

  2. Լավատես says:

    Ազգային փողը ազգային չէ՝ դա գլոբալ էկոնոմիկայի գործիք է եւ ոչ թե ներազգային էկոնոմիկայի, որովհետեւ ազգային փող տպելու քաղաքականությունը ղեկավարվում է գլոբալ ուժերի կողմից: Ժամանակին այդ ուժերը թույլ տվեցին եւ Սովետին եւ Գերմանիային ունենալ սեփական փող եւ դրա տպելու ազգային քաղաքականություն, արդյունքում երկուսն էլ շատ մեծ տեմպերով զարգացան, չաղացրին երկուսին էլ ու իրար վրա քսի տվեցին:
    Հիմա, մենք կարո՞ղ ենք առանց գլոբալ փողի ազգային էկոնոմիկա ունենալ, որ կախված չլինենք գլոբալ փողից: Հնարավոր է, եթե ունենանք հզորագույն դատական համակարգ, որտեղ խոսքը գլոբալ փողից արժեքավոր է, որտեղ սովորական թղթի վրա գրված համաձայնագիրը գլոբալ փողից ավելի թանկ է, երբ խոսքը գործ է, իսկ ժամանակը ամենաթանկ եւ ամենալիկվիդ արժեքն է եւ ազգային փողը ոչ թե դրամներով ու դոլարներով է չափվում, այլ ժամանակածախսով՝ վարկյաններով, ժամերով կամ օրերով: Մենք պետք է նման մի բան հնարենք, թե չէ էլի ընկնելու ենք գլոբալ արդեն թվային փողի կախվածության տակ:

  3. Լավատես says:

    Մի քիչ էլ հոդվածի թեմայով: Մեզ պետք է անխտիր բոլորի կողմից շատ հարգված ղեկավար, որը ոչ թե կոնֆետներ է բաժանելու, այլ բոլորիս ստիպելու է հարյուր տոկոսով մեր շնորհքները լույս աշխարհ բերել ու ծառայեցնել ամեն մեկս իրեն, իր ընտանիքին, իր ազգին եւ իր մարդկությանը, մեր անսահման շնորհքների մասին շատ քչերս գիտենք, դրա համար այդ ղեկավարին ու նրա շքախմբին մեծատառով Ուսուցիչ կասեն: Հոտած ձուկը վարկյանական կկազդուրվի, հենց առողջ գլուխ ձեռք բերի 🙂

  4. Հայ says:

    բոլորն էլ պատրաստ են հանուն մեծ գաղափարի կտրել ուրիշի ծառերը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031