Մի խումբ ադրբեջանցիներ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով՝ շրջափակման մեջ գցեցին Արցախը, որին հաջորդեց նաև հումանիտար շրջափակումը: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի կարծիքով, ի սկզբանե պարզ էր, որ «էկոակտիվիստ» կոչվածների գործողություններն ուղղորդվում էին ադրբեջանական իշխանությունների կողմից:
«Այս ամենի համատեքստում հարցադրում է առաջանում, թե ինչո՞ւ են այդպես վարվում հենց հիմա, երբ կա ստորագրված փաստաթուղթ: Հաշվի առնելով սեպտեմբերյան ռազմական գործողությունները և մի շարք գործընթացներ, իմ գնահատմամբ, կան պայմանավորվածություններ: Չեմ բացառում, որ մեր թիկունքում գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին հայկական հանրությունը տեղյակ չէ: Ավելին՝ 2018-ից ի վեր մենք մի շարք իրադարձությունների պատահականորեն ենք առերեսվում, ոչ թե պետական մարմինների, այլ արտահոսքի միջոցով ենք տեղեկանում: Ուստի չի բացառվում, որ հետագայում ևս իմանանք, որ այս պահին որոշակի բանակցային գործընթացներ են տեղի ունենում, որոնցից առաջ որոշակի խոստումներ են տրվել, որոնք, հավանաբար չեն պահվում, ինչին էլ ի պատասխան Ադրբեջանը նման գործողությունների է դիմում: Ավելին՝ Հայաստանի իշխանությունների մի շարք կարկառուն ներկայացուցիչներ իրենց ելույթներով շարունակում են ադրբեջանական թեզեր շրջանառել»,-ասաց Գ. Մելոյանը:
Նա շեշտեց՝ այս պայմաններում տարօրինակ կլիներ, որ Ադրբեջանը չշարունակեր իր համար նախկինում աներևակայելի թվացող նկրտումներն ու պահանջները ներկայացնել հայկական կողմին: «Իրենք փորձում են Արցախի հայաթափման գործընթացը արագացնել, ինչի համատեքստում ոչ միայն տարածքային, այլև տնտեսական ու մի շարք այլ նկրտումներ ունեն: Մասնավորապես, Ադրբեջանի ախորժակն այնքան է բացվել, որ նկրտումներ ունի նաև Կաշենի հանքավայրի մասով, որն Արցախի բյուջեի եկամտի մեծ մասն է ապահովում: Այնտեղ այս պահի դրությամբ շուրջ 2000 հայ աշխատակից կա: «Anglo Asian mining PLC» անունով ինչ-որ անգլիական ընկերության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հանքի շահագործման վերաբերյալ պայմանագիր կա»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում