Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի ուղղությամբ նետված բարձրախոսը վերադարձվել է դատարանին

Դեկտեմբեր 17,2022 13:30
dataran

2021թ. հունիսի 3-ի արտակարգ դեպքերի ամփոփագրերից տեղեկացանք դատավորի նկատմամբ սպառնալիքներ հասցնելու մասին. այն տեղի էր ունեցել դատական նիստերի դահլիճում, վճռի եզրափակիչ մասը հրապարակելու ժամանակ: Լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ հարուցվել էր քրեական գործ, սակայն հետագայում ինչ ընթացք ունեցավ, կարծես մոռացվեց: Փորձեմ «հիշեցնել»:

Այս պահին գործը քրեական վերաքննիչ դատարանում է, դատարան դիմած մեղադրողը՝ Հ. Մանասյանը խնդրել է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Հարությունյանների նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2022թ. հոկտեմբերի 5-ի կայացված որոշումը (Կենտրոն նստավայր, դատավոր՝ Տաթեւիկ Գրիգորյան) եւ վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Հարությունյանների պաշտպանությունն իրականացնում է ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Ջուվանովան:

2021թ. հուլիսի 30-ին տուժող, դատավոր Ռուբեն Բունիաթյանը դիմել է նախաքննության մարմնին. «Քրեական գործով հանդիսանում եմ որպես տուժող եւ այժմ ցանկանում եմ հայտնել, որ Հարությունյանները ներողություն են խնդրել ինձանից եւ դատարանի ողջ կազմից, որի պատճառով ես հաշտվել եմ գործով մեղադրյալների հետ, որեւէ բողոք եւ պահանջ չունեմ նրանց դեմ եւ չեմ ցանկանում, որ վերջիններս ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ խնդրում եմ քրեական գործի վարույթը կարճել: Ինչպես նաեւ իմ նշված դիրքորոշումը վերջնական է եւ ոչ ոք չի համոզել կամ ինչ-որ եղանակով ստիպել, որպեսզի ես նման որոշում կայացնեմ»:

Մայր եւ որդի Հարությունյանները նույնպես խնդրել են իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել՝ տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու՝ ոչ արդարացնող հիմքով, քանի որ տուժողի հետ հաշտվել են: Չնայած դրան, 2021թ. սեպտեմբերի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ ընդունվեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վարույթ: Սեպտեմբերի 22-ին դատարանը որոշում կայացրեց քրեական գործը դատական քննության նշանակելու մասին:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 2021թ. հունիսի 16-ին հարուցվել է քրեական գործ, իսկ հունիսի 21-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ն. Մկրտչյանի վարույթ: Հուլիսի 9-ի որոշումներով Հարությունյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2021թ. օգոստոսի 27-ի որոշմամբ մայր Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 347-րդ հոդվածի 1-ին մասով: Նա, որպես պատասխանող կողմ, իր որդու հետ միասին մասնակցել է դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ ընթացող քաղաքացիական գործի քննությանը: Նշված քաղգործով 2021թ. հունիսի 3-ին՝ ժամը 12:30-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 7-րդ դահլիճում վճռի եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ, տեղեկանալով իրենց պատկանող՝ տունն աճուրդով վաճառելու մասին, ըստ մեղադրական եզրակացության, «վիրավորելով դատավոր Ռ. Բունիաթյանին, վերջինիս հասցեին տեւական ժամանակ հնչեցրել է վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ, որից հետո սեղանի վրայից վերցնելով բարձրախոսը, այն նետել է դատավոր Ռ. Բունիաթյանի ուղղությամբ», իսկ որդին՝ «տալով իրականացնելու իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ, հայտնել է, որ Երեւան քաղաքի «Մալականի այգի» կոչվող հատվածում մորթելու է վերջինիս, քանի որ տեղյակ է Մերգելյան փողոցի հարակից տարածքում գտնվող նրա բնակության վայրի մասին»:

Քրեական գործը քննվել է ընդհանուր կարգով, հետազոտվել են քրեական գործում առկա ապացույցները, 2022թ. հունիսի 15-ի դատական նիստում մեղադրողը, իսկ հոկտեմբերի 5-ի դատական նիստում պաշտպանության կողմը հանդես են եկել պաշտպանական եւ մեղադրական ճառերով, ամբաստանյալները՝ վերջին խոսքով:

Ըստ դատարանի՝ «Հաշվի առնելով, որ տուժող Ռ. Բունիաթյանը եւ ամբաստանյալներ Հարությունյանները դեռեւս մինչդատական վարույթում հաշտվել են միմյանց հետ, նախաքննության մարմնին ներկայացված դիմումներով հայտնել են հաշտության վերաբերյալ ինքնուրույն եւ ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնության մասին, նկատի ունենալով, որ Հարությունյանները դատվածություն չունեն եւ նրանց վերագրվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքներ, որոնցում առկա չեն ընտանիքում բռնության հատկանիշներ, դատարանը գտնում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված եւ 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ տուժողի եւ Հարությունյանների միջեւ մինչդատական վարույթում 2021թ. հուլիսի 30-ին կնքված հաշտությունը սույն գործով քրեական պատասխանատվությունը բացառող անվերապահ հիմք է»:

Դատարանը որոշել է քրեական գործի վարույթը կարճել եւ մայր եւ որդի Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու պատճառաբանությամբ եւ նախաքննության մարմնի՝ 2021թ. օգոստոսի 27-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված բարձրախոսը վերադարձնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Դատավորի նկատմամբ մահվան սպառնալիքի գործը միակը չէ: Այս տարի նմանատիպ գործով Արարատի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Հայկ Ս.-ին: Վերջինս 2021 թվականի հուլիսի 30-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի նկատմամբ «անհարգալից վերաբերմունք» է դրսեւորել: Դատավորը հայտարարել էր նիստը հետաձգելու մասին, մինչ կհեռանար նիստերի դահլիճից, տուժողը դատավորի նկատմամբ հնչեցրել է սպանության սպառնալիքներ, մի քանի անգամ հայտարարել է՝ սպանելու է նրան, տվել էր սեռական բնույթի հայհոյանքներ: Այս գործը մայիսի 5-ից մարզի դատարանում է, դատավոր Ն.Բեգլարյանի վարույթում էր մինչ նոյեմբերի մեկը, երբ դատավորը հայտնեց ինքնաբացարկ: Հայկ Ս.-ի նկատմամբ ընտրվել է դարձյալ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

«Առավոտ» օրաթերթ
16.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031