Այս օրը սովորական օր չէր. այս օրը՝ դեկտեմբերի 15-ին ականի պայթյունից մարտական ծառայության ժամանակ զոհված Հայկ Խաչատրյանի ծննդյան օրն էր…
Մենք Գյումրիից շարժվեցինք դեպի Հայկի ծննդավայր` Գուսաննա գյուղ: Գյուղում վեր էր խոյանում Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրը, իսկ դպրոցի ճակատին փակցված էր Հայկ Խաչատրյանի նկարը, վրան գրված՝ «ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈՍ ՀԱՅԿ»: Մեզ ուղեկցողը Հայկի եղբայրն էր` Ղուկասը: Վերջապես մենք տեղ հասանք, տան մուտքի մոտ մեզ դիմավորեց Հայկի մայրիկը, ամուր գրկախառնվելուց հետո բառերի փոխարեն խոսում էին արցունքները…
Հյուրասենյակի անկյունում Հայկի փոքրիկ թանգարանն էր տեղադրված, մեծ ու լուսավոր նկարները, նրա պատվոգրերն ու շքանշանները, իսկ անկյունում ծննդյան տորթն էր` «ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՔԱՋ ԶԻՆՎՈՐ»:
Մայրը՝ տիկին Սառան, արցունքները խեղդելով պատմում էր Հայկի յուրահատուկ բնավորության մասին:
Կարդացեք նաև
– Հայկս յուրահատուկ մարդ էր, իր տեսակով, բարի, բոլորին հասնող, զիջող, մեծին լսող ու հարգող: Նա իմ ավագ որդին էր, որին պաշտում էի, սիրել հասկացողությունը քիչ էր նրա համար, նա իմ հպարտությունն էր, ապրում էի նրա հույսով, ուզում եմ գտնեմ աշխարհի գեղեցիկ բառերը, որ նկարագրեմ նրա մարդ տեսակը: Չափից շատ հայրենասեր էր, սիրում էր լեգենդար Մոնթեին, հաճախ էր գնում Եռաբլուր, փոքրիկ հասակից սիրել է նկարել, նկարել էր նաեւ Կարո Քահքեջյանին (Սպիտակ արջին): Ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանը որդուս համար հերոսական կերպար էր, ուզում էր իր տեսակով, էությամբ նմանվել նրան: Անգամ հերոսի նկարն էր գեղեցիկ ձեւավորել:
«Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Կուզեի ծնվել նույն հոր ու մորից…»:
Հայկս ամեն խոսքում այս տողերն էր արտասանում:
Հիշում եմ, փոքրիկ տարիքում խելոք էր, միշտ եղբոր չարաճճիությունները իր վրա էր վերցնում, իսկ դպրոցում եւ դասարանում, իր շրջապատում միշտ սիրում էր առաջինը լիներ կազմակերպչական գործերում: Եղբոր համար Հայկը մեծ խորհրդատու էր, ամեն ինչում միասին կիսվում էին: Եղբայրներին միշտ հորդորում էր լավ սովորեն, որպեսզի իրենց ապագան կերտեն:
Հայկը բանակ զորակոչվելու ժամանակ սկզբնական շրջանում ծառայության է անցնում Արտաշատ քաղաքում, 6-ամսյա ուսումնական փուլ անցնում, ծառայության ժամանակ հրամկազմից ստանում «Քաջարի մարտիկ» եւ շնորհակալագիր՝ իր ծառայությունը բաեխեղճ կատարելու համար, այնուհետեւ անցնում է ծառայության Արցախի ՊԲ N զորամասում… Հայկ Խաչատրյանի բնութագիրը կարդալուց հետո հրամանատարը իր խոսքում նշում է. «Մի ոսկուն զորացրեցինք տուն, մյուս ոսկուն ստացանք…»: «Այո, որդիս ոսկի էր, իր տեսակով ու էությամբ, բոլորիս համար»,- իր խոսքում նշեց մայրը:
Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար Հայկ Խաչատրյանի համար համազգեստ կրելը պատիվ էր, նա երդվել էր պաշտպանել իր հայրենիքը, ծնողներին եւ բոլորիս, հայրենիքի պաշտպան լինելը Հայկի համար բացարձակ արժեք էր այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը: Սակայն 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Խաչատրյանների ընտանիքի հանդեպ այլ ճակատագիր էր որոշել…
Մարտական ծառայության ժամանակ ականի պայթունից զոհվում է 19-ամյա հայ զինվորը, դաժան ճակատագիրը չթողեց, որպեսզի հայրենիքի պաշտպանն իր տեղում մնա… Ես շարունակում եմ զրույցս, հայացքս Հայկի մայրիկից չեմ կտրում, նա թերթում է որդու նկարները, պատմում է յուրաքանչյուր նկարի պատմությունն ու մի պահ հետ գնում դեպի հիշողություն, թերթում-կանգ առնում, նայում պատուհանից դուրս եւ ասում.
– Իմ որդին տուն է գալու, ես սպասում եմ նրան:
Արմինե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2022