Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասնել նրան, որ Ադրբեջանը կանգնի միջազգային տրիբունալի առջեւ»

Դեկտեմբեր 17,2022 14:00

«Իսկ կոնկրետ միջանցքի փակման հարցում, մենք տեղյակ չենք, թե ինչպիսի՞ «բանավոր պայմանավորվածություններ» կան, երկու տարի շարունակ ի՞նչ է բանակցվում տարբեր ձեւաչափերով եւ ի՞նչ խոստումներ են տվել Փաշինյանն ու այլոք հայկական կողմի անունից». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

-Արցախում հումանիտար ճգնաժամ է. ինչո՞ւ հասանք այս իրավիճակին, ովքե՞ր են պատասխանատուները, որո՞նք են ելքերը:

– Այս վիճակին հասել ենք հատուկ մշակված եւ շատ հետեւողականորեն իրագործվող ծրագրի արդյունքում, որի տեսանելի մեկնարկը դրվեց 2018 թվականի ապրիլին, ցավոք, շատ մեր հայրենակիցների ուղղակի աջակցությամբ: Կարծում եմ, օրակարգ մշակողների մոտ եղել են մի քանի տարբերակներ, սակայն ընտրվեց ամենադաժանը՝ ծանր պատերազմ, կորուստներ, ցավ, արդյունքում՝ բթացում եւ մասամբ անտարբերություն:

Պատասխանատուները, բնականաբար, պատերազմի մեջ հայտնված երկրների իշխանություններն են՝ Հայաստանի եւ Արցախի: Իսկ կոնկրետ միջանցքի փակման հարցում, մենք տեղյակ չենք, թե ինչպիսի՞ «բանավոր պայմանավորվածություններ» կան, երկու տարի շարունակ ի՞նչ է բանակցվում տարբեր ձեւաչափերով եւ ի՞նչ խոստումներ են տվել Փաշինյանն ու այլոք հայկական կողմի անունից:

Ելքը կոնկրետ միջանցքի այս փակման հարցում կրկին ճիշտ բանակցելն է՝ թե ռուսական կողմի եւ թե միջազգային հանրության հետ, քանի որ թշնամին, վստահաբար, ճանապարհը մտադրված է բացել հերթական «զիջման դիմաց»:

-Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վերջին օրերի իր հարցազրույցներից մեկում ասաց, որ միջազգային կառույցներում մշտապես լավատեղյակ են խնդիրներին ու թե ինչո՞ւ արագ եւ հասցեական պատասխաններ չեն լինում՝ իր հարցին, ասել են, որ անկողմնակալություն են պահպանում: Իբրեւ միջազգային կառույցների հետ աշխատած պատգամավոր, կարո՞ղ եք ասել, որո՞նք են մեր թերացումները, ինչո՞ւ չենք կարողանում ծանրության կենտրոնը մեր կողմ շրջել՝ անգամ նման վտանգավոր եւ արտառոց իրավիճակներում:

– Վերհիշենք, թե ինչպես սկսվեց պատերազմը. Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավական նորմերը, նաեւ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում հստակ սահմանված սկզբունքը՝ ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը, հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Պատերազմի ընթացքում կիրառեց արգելված զինատեսակներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ, գնդակահարեց եւ անմարդկային խոշտանգումների ենթարկեց գերիներին, ավերեց քաղաքներ, հիվանդանոցներ, մշակութային կոթողներ, մինչ օրս շարունակում է բռնի պահել իր մոտ մեր տղաներին, եւ այս ամենի արդյունքում ոչ միայն չճանաչվեց ռազմական հանցագործ, այլեւ նրա հետ սկսվեցին ուղիղ բանակցություններ:

Առաջին հերթին պետք է հասնել նրան, որ Ադրբեջանը կանգնի միջազգային տրիբունալի առջեւ: Միայն այս դեպքը՝ միջանցքի փակումը, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոցաշունչ ելույթների, այնտեղ ապրող մարդկանց կյանքը որեւէ կերպ չի արժեւորում, որեւէ «խաղաղ համակեցության» մասին խոսք անգամ չի կարող լինել, իր բնորոշմամբ թվացյալ «իր քաղաքացիներին» հանգիստ կարող է թողնել առանց պարենի, դեղորայքի, բուժօգնության, գազի եւ այլն: Մի խոսքով՝ որեւէ կերպ նրան հետաքրքիր չեն այնտեղ ապրող հայերը, ավելին՝ Ադրբեջանը ցանկանում է այն հայաթափել:

Սա եւ բազում այլ օրինակներ պետք է ամեն հնարավոր եղանակով հասցնել միջազգային հանրությանը:

-ԱՄՆ-ը, ԵՄ տարբեր երկրներ, միջազգային կառույցներ արձագանքեցին Լաչինի միջանցքի փակման առիթով առաջացած ճգնաժամին, թեեւ հասցեականությունն այդ արձագանքներում դարձյալ շատ հստակ չէր, բայց ամեն դեպքում, Ադրբեջանին ուղղված կոչեր եղան՝ բացելու Արցախի կյանքի միակ ճանապարհը: Ամենավերջինը լսվեց ՀՀ ռազմավարական դաշնակից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկի՝ ՌԴ-ի ձայնը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ միջանցքը փակ է՝ հանքերի շահագործման շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով: Ինչո՞ւ: Մի տեսակ աբսուրդային եւ պատային իրավիճակ է. մի կողմից կարծես ռուս խաղաղապահներն են Արցախի եւ արցախցիների անվտանգության երաշխավորը, մյուս կողմից, հայկական շահերի հաշվին ՌԴ-ի շահերն առաջ տանելու խնդիրներ են առաջանում:

– Խնդիրը միանշանակ քաղաքական է եւ սխալ բալանսավորված հարաբերությունների արդյունք: Ինձ համար անհասկանալի է միջազգային կառույցների արձագանքը «բալանսավորվածությունը», քանի որ միայն ու միայն Արցախն է հումանիտար ճգնաժամի մեջ հայտնվել, խախտված են Արցախի ժողովրդի կարեւորագույն իրավունքները՝ կյանքի, բուժման, արժանապատիվ կյանքի, ուսման, ազատ տեղաշարժի եւ այլն: Այս արձագանքը որեւէ կերպ չէր լինի բալանսավորված, եթե ՀՀ իշխանությունները ցուցաբերեին կոշտ դիրքորոշում եւ խիստ դատապարտող կեցվածք:

Ինչ վերաբերում է Զախարովայի ասածին, կրկնվեմ, որ մենք իրոք չգիտենք, թե ի՞նչ է բանակցվում եւ ի՞նչ խոստումներ են տրվել: Ավելի, ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հրապարակային խոսքում կարմիր թելով անցնում է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու դավաճանական միտքը:

-ԵՄ դիտորդական առաքելության մադատը չի երկարացվի. իրենց կարճաժամկետ դիտարկման արդյունքում ի՞նչ խնդիր լուծեցին ԵՄ դիտորդները, ի՞նչ ենք կորցնում նրանց հեռանալով:

– Այս հարցի պատասխանը պարզ կլինի դիտորդական առաքելության հաշվետու զեկույցին ծանոթանալուց հետո միայն, սակայն այս ճգնաժամային օրերին նրանց հեռանալն իրոք խիստ մտահոգիչ է մեզ համար:

Իրականում, խնդրի լուծումը մեկն է՝ Արցախի հարցում մենք պետք է դրսեւորենք միասնական կամք, իսկ այդ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական կամքն ունենալու համար նախ պետք է ունենանք հայկական քաղաքական օրակարգ, ինչը, ինչպես համոզվել ենք, այս իշխանությունը չունի: Ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031