Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից հայրենիք տեղափոխված ճանաչված սրտաբանի բժշկական գաղտնիքները՝ գյումրեցի մասնագետներին

Դեկտեմբեր 16,2022 21:33

Տևական ժամանակ է՝  ՀՀ վաստակավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանի անունը կրող Գյումրու ծննդատանը շիրակցի մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, սոնոգրաֆիստների համար անցկացվում են դասընթացներ՝  հղիներին սքրինինգային հետազոտության ենթարկելու ու պտղի սրտի բնածին արատները հայտնաբերելու թեմայով։

Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ՝  իրենք վերջերս ձեռք բերեցին «էքսպերտ կլասի» սարք, որը եզակի է Շիրակի մարզում և սկսեցին հետազոտություններ անցկացնել Գյումրիում։  Սա նորություն էր, երբևէ  նման հետազոտություններ չեն եղել  ողջ մարզում։

Ըստ  բժիշկ Իսահակյանի, անհրաժեշտ էր սովորել՝ ինչպես հետազոտել հղիներին ու  չծնված երեխաների մոտ հայտնաբերել սրտի արատները։ Հայաստանի Հանրապետությունում եզակի  մասնագետներ են լիարժեքորեն տիրապետում այդ հմտությանը, նրանցից մեկ էլ  «Նորք –Մարաշ» բժշկական կենտրոնում աշխատող փորձառու մանկական սրտաբան  Արմեն Քոչարյանն է, որը  մի քանի ամիս շարունակ հատուկ գալիս է Գյումրի՝ իր  փորձառությունը տեղի մասնագետներին  փոխանցելու։

«Մեկ կամ երկու շաբաթը մեկ մենք 7-8 հղիներին հետազոտել ենք ու ըստ արդյունքների՝  երբեմն խորհուրդ ենք տվել հղիությունը դադարեցնել։  Այստեղ մի կարևոր հանգամանք կա․ եթե մենք հայտնաբերում ենք էն տիպի արատ, որը  երեխայի ծնվելուց հետո հնարավոր է վիրահատել, վստահ ենք, որ  նրա կյանքի որակը չի փոխվի ու որևէ խնդիր չի առաջանա,  ծնողին խորհուրդ են տալիս փոքրիկին անպայման լույս աշխարհ բերել»,- ասում է Արմեն Իսահակյանը։

Մեր զրուցակիցը մանրամասնում է, որ իրանահայ պրոֆեսոր Քոչարյանի նպատակը Հայաստանում դպրոց ստեղծելն է, Շիրակն էլ  առաջին մարզն է, որտեղ ամեն շաբաթ այցելում են պրոֆեսորի աշակերտները ու աշխատում տեղի բժիշկների հետ։

Սրտի սքրինինգն անցկացվում է միայն Գյումրու ծննդատանը և վճարովի հիմունքներով։ Արմեն Իսահակյանը նշում է, որ պիտի փորձեն Առողջապահության  նախարարությունից պետպատվեր խնդրել, որպեսզի բոլոր հղիները  կարողանան անցնել սքրինինգային հետազոտություն, բժիշկներն էլ կասկած չունենան, այլ հստակ իմանան՝ անհրաժեշտ է վիրահատությո՞ւն, թե՞ հղիության ընդհատում՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

«Մենք պիտի առողջ սերունդ ունենանք, դեմգրաֆիական մտահոգիչ պատկերի պայմաններում կորուստներ չպիտի ունենք։ Ուրախ եմ, որ մարզերից առաջինը մենք՝ Գյումրի բժշկական կենտրոնն է սկսել, որի կազմի մեջ ընդգրկված է Գյումրու ծննդատունը»,- ասում է Արմեն Իսահակյանը։

Հանդիպեցինք նաև  բազմամյա փորձ ունեցող պրոֆեսոր  Արմեն Քոչարյանին, նա գյումրեցի բժիշկների համար դասախոսություն կարդալուց բացի  հետազոտական սարքի վրա գործնական պարապմունքներ է անցկացնում։

Նա Իրանի ամենամեծ համալսարանի՝ Թեհրանի դասախոս է  եղել․ 33 տարի աշխատել  է այնտեղ, համեստորեն նշում է, որ ինքը Իրանի պտղի սրտագրության հիմնադիրներից է։ Արմեն Քոչարյանի զավակները՝ տղան ու  աղջիկը, մոտ 20 տարի Հայաստանում են, կինը ևս 8 տարի առաջ տեղափոխվեց հայրենիք, ինքն էլ որոշեց գալ։

«Մոտ 4 տարի է՝ տեղափոխվել եմ հայրենիք, ես սիրահար եմ իմ գործին և մտածում էի՝ կարո՞ղ է հայրենիք տեղափոխվեմ, աշխատանք չունենամ, դա ինձ շատ էր մտահոգում։ Բայց անցյալից ես կապեր ունեի «Նորք- Մարաշի» հիվանդանոցի անձնակազմի հետ, երբ այցելում էի Հայաստան, գնում, հետները շփվում էի։ Բարեբախտաբար Հայաստան տեղափոխվելուց հետո սկսեցի աշխատել այնտեղ։

Իհարկե, սիրտս  դեռ Պարսկաստանում է, մեծ հարգանք ունեն իմ հանդեպ, բավական մեծ կապեր կան այնտեղ, տարիքս 74 է, շատ կուզեմ իմ փորձառությունը, գիտելիքը փոխանցել մեր երիտասարդներին։

Ես նախքան հայրենիք տեղափոխվելը սքրինինգի ծրագիրը սկսեցի Արցախից՝ Ստեփանակերտից և Մարտակերտից։ Նպատակ ունեմ, որ 12 մարզերում էլ ունենանք սքրինինգային հետազոտության հնարավորություն։ Երեքում կարողացանք, դա քովիդից առաջ էր, հետո պատերազմի պատճառով կանգ առավ։ Սկսեցինք նորից շարունակել, բարեբախտաբար Գյումրին շատ լավ արձագանք տվեց, ինչպես տեսնում եք կոնֆերանս ենք անցկացնում։

Գյումրիում աշխատանքները սկսեցինք մոտ մի տարի առաջ, ամեն շաբաթ գալիս էինք, մոտ 8-10 հղիի հետազոտում էինք, ստուգում էինք, բայց այդ ընթացքում նաև դասավանդում էինք»,-պատմում է պրոֆեսոր Քոչարյանը։

Նա կարծում է, որ հղիներին չպիտի մարզերից ուղարկել Երևան, քանի որ դա ծախսերի հետ է կապված, պիտի հեշտացնել այդ հարցը։

«Շարունակելու ենք մյուս մարզերում,  Արտաշատում արդեն խոսել ենք, Հայաստանում մի քիչ դժվար է սարքավորման ձեռք բերման և կազմակերպչական առումով»։

Արմեն Քոչարյանի ասելով, այս ծրագիրը այլ  մարզեր հիմնադրելու հարցում իրենց օգնում են տեղի երիտասարդները՝ պայմանավորվելով մանկաբարձների, բուժհաստատությունների տնօրենների հետ։

Արմեն Քոչարյանը նշում է, որ առաջատար երկրներում  սրտի արատ ունեցող երեխայի վիրահատական ծախսերը իր վրա վերցնում է պետությունը, իսկ Հայաստանում այս պահին նման բան չկա։ Դրանք մեծ ծախսեր են պահանջում՝ սկսած սարքավորման ձեռք բերումից մինչև վիրահատական ծախսեր։

Ըստ նրա,  այդուհանդերձ,   պիտի օգնել ընտանիքիներին, չտանել նրանց դժբախտության, սա առողջ սերունդ ունենալու ծրագիր է, որն այս պահին կատարում են՝  «ըստ ունեցվածքի  ու հզորության»։

«Ասենք մարդը 2-3 բալիկ ունի, մի հատ էլ սրտի արատ ունեցող երեխա ունենա, որն ապագա չունի։ Արտասահմանում տրանսպլանտ էլ են անում, պետությունը պարտադիր պիտի այդ ընտանիքի մեջքին կանգնի, այնտեղ ուրիշ  ձևով են նայում, այստեղ էլ մի ձևով պիտի օգնել»,- ասում է  իրանահայ պրոֆեսորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031