ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը եւ այդ համատեքստում ՀՀ իշխանության անելիքներին՝ վստահեցրեց, որ իրենք աշխատում են Արցախի սուբյեկտայնության ամրապնդման ուղղությամբ, եւ դրա համար Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտություն են համարում։ Հետաքրքրվեցինք՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ ցանկանում են Արցախի սուբյեկտայնությունն ապահովել, ապա ինչպե՞ս են դա իրագործելու, երբ իրենց իշխանությունը հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հիշատակումներից եւ ինքնորոշման իրավունքը պնդելուց, երբ չի խոսում Արցախի անկախության անհրաժեշտության մասին։
«Եթե ուզում եք երկխոսությունը բացառենք, ուրեմն ձեր ասածով պետք է շարժվենք։ Եթե ուզում ենք մենք արտաբերենք այն, ինչ ասացիք, դա կնշանակի, որ մենք կտապալենք այդ երկխոսությունը»,-նախ ասաց Վիգեն Խաչատրյանը, ապա, երբ լսեց մյուս լրագրողի նկատառումը, որ նախկինում ՀՀ իշխանությունը բարձրաձայնել է Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման անհրաժեշտությունը, հարցադրում արեց․ «Բայց ճանաչվե՞լ է ինքնորոշման իրավունքը։ Գուցե հենց դա՞ է խանգարել։ Մենք գիտենք, որ չի ստացվել, հակառակը, այդ ինքնորոշված հանրապետությունը չի ճանաչվել։ Մենք չենք ուզում տապալենք, որ Ադրբեջանին առիթ տանք ուժի դիրքերից հանդես գալու։ Խնդիրն այն է, որ «հալվա» ասելով բերանդ չի քաղցրանում»։
Մեր նկատառմանն ի պատասխան՝ բա ինչպե՞ս հասկանանք, որ մինչեւ 2018թ․-ը օրինակ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ՀՀ ղեկավարը խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի՝ կարմիր գիծ լինելու մասին, եւ դա արվում էր «ԼՂ հանրապետություն» եզրույթի կիրառմամբ, Վիգեն Խաչատրյանը, փոխանակ բուն հարցին անդրադառնա, մեզ հարցրեց, թե ո՞ր ղեկավարին նկատի ունենք։
«Սերժ Սարգսյանին» պատասխանը լսելուց հետո Խաչատրյանը մեզ ընդհատեց եւ հարցադրումը մինչեւ վերջ չլսեց։ Ցանկանում էինք հետաքրքրվել՝ ի՞նչ փոխվեց 2018թ․-ից հետո, որ միջազգային հանրությունը սկսեց «խրտնել» «Արցախի ինքնորոշման իրավունք» եւ «ԼՂ հանրապետություն» եզրույթներից, որոնք ՔՊ-ականները չեն օգտագործում՝ պատճառաբանելով, թե այդպես չեն նպաստում հիմնահարցի շուրջ միջազգային կոնսոլիդացիային։
Կարդացեք նաև
Շեշտեցինք՝ ի սկզբանե «Սերժ Սարգսյան» անունը չտվեցինք, որովհետեւ հարցի էությունը ոչ թե անձն էր, այլ այն, թե մինչեւ 2018թ․-ը Արցախի ինքնորոշման իրավունքի մասին ինչ էր բարձրաձայնվում միջազգային հարթակներում։ «Տվյալ դեպքում խնդիրն անունն է»,-պատասխանեց Վիգեն Խաչատրյանը, ապա հավելեց, որ միջազգային հանրությունն իր տեսակետը վաղուց հայտնել է։
Հարցին՝ մինչեւ 2018թ․-ը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, եւ միջազգային հանրությունն ամրագրել է, այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքը, հետեւաբար, 2018թ․-ից հետո ի՞նչ արեց այս իշխանությունը, որ միջազգային հանրությունը հանկարծ որոշեց իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր պատկերացումների նշաձողը, եւ ինչպե՞ս է ստացվում, որ մինչեւ 2018թ․-նն այդ նշաձողը չէր իջնում, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․ «Ֆրանսիայի երկու պալատները կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը, եւ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը հայտարարեց, որ դա իր դիրքորոշումը չի։ Սա ձեզ ոչինչ չի հուշո՞ւմ»։
-Ֆրանսիան ԵԱՀԿ համանախագահ երկրներից է, եւ համանախագահությունը քանիցս ինքնորոշման իրավունքը փաստել է որպես հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը։
Վիգեն Խաչատրյան-Ի՞նչ պատասխան եք ուզում։ Ի՞նչ հարց եք տալիս։
-Ի՞նչ արեցիք բանակցային գործընթացի հետ, որ 2018թ․-ից հետո միջազգային հանրությունն ինքնորոշման իրավունքի մասին մոռացավ։
Վիգեն Խաչատրյան-Դուք դա մեզ եք վերագրո՞ւմ, բա ինչի՞ միջազգային հանրությունը չի ճանաչել ինքնորոշման իրավունքը։
-Որովհետեւ բանակցային պրոցեսն ընթանում էր ԵԱՀԿ համանախագահության ներքո, եւ հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքն էր։
Վիգեն Խաչատրյան-Այդ պրոցեսում անկախության ճանաչման մասին խոսք եղե՞լ է։ Միջազգային հանրությունն ազգերի ինքնորոշումը երեք կերպ է ճանաչում, մեկն այն է, որ ինքնորոշվում են տվյալ պետության մեջ։ Կամ ինքնորոշվում են անկախանալով, կամ այլ պետությանը միանալով։ Հիմա չգիտենք, թե միջազգային հանրությունը ձեր ասած ինքնորոշումն ասելով՝ երեքից ո՞ր մեկը նկատի ուներ։
-Մադրիդյան սկզբունքներով խոսվել է Արցախի միջանկյալ կարգավիճակի, իսկ հետագայում՝ միջազգային դիտորդների ամրագրմամբ կայանալիք անկախության հանրաքվեի մասին։
․․․
Վիգեն Խաչատրյան-Եթե Սերժ Սարգսյանը միջազգային հանրության աջակցությունն ուներ, ինչո՞ւ ասաց 2018թ․-ին, որ բանակցությունները մտել են փակուղի։ Ո՞վ էր մտցրել փակուղի։
-Երեւի դուք հետո հանեցիք փակուղուց․․․
Վիգեն Խաչատրյան-Չէ, դուրս չենք բերել։ Նենց փակուղի չեն մտցրել, որ դուրս բերեինք։ Փակուղի են մտցրել ամեն ինչով։
Ապա հետաքրքրվեցինք՝ իսկ ձեր իշխանությունն ի՞նչ արեց մինչեւ 2018թ․-ն ամրագրված՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ։ Ուշագրավ է, որ հարցին պատասխանելու փոխարեն Վիգեն Խաչատրյանն ասաց․ «Մեր իշխանությունը չի, ձերն է։ Մենք ձեր պատվերով իշխանության լիազորություններ ենք ստացել»։
-Խնդրում եմ մեզ չվերագրել։ Հարց տվեցի, խնդրեցի պատասխանել։
Վիգեն Խաչատրյան-Դա նաեւ ձեր իշխանությունն է, աղջիկ ջան, դա պետք է իմանալ։
-Հարցին կպատասխանե՞ք։ Ձեր իշխանությունն ի՞նչ արեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ, որոնցով Ալիեւի ներկայությամբ ամրագրվում էր՝ արցախաադրբեջանական սահմանին տեղադրվելու էին հրադադարի վերահսկման, հետաքննությունների մեխանիզմներ եւ դիտորդների թվի ավելացում։
Վիգեն Խաչատրյան-Գիտեք, մի կես ժամ պետք է խոսեմ, դրա ժամանակը չունեմ։ Հիմնավորելու կարիք էլ չունեմ։ Դուք լրագրող եք, վաղուց պետք է իմանայիք։ Եթե նոր եք մտել լրագրության դաշտ․․․
-Հարցը մի շեղեք, լա՞վ։
Վիգեն Խաչատրյան-Անկեղծ՝ չեմ շեղում։ Ձեր իշխանությունների «սայթեր» մտեք, ուսումնասիրեք։
Հաջորդիվ պատասխանելով Բերձորի միջանցքի փակման հետ կապված այլ հարցադրումների՝ Վիգեն Խաչատրյանն ասաց․ «Տեսե՞լ եք տենց բան, որ Ադրբեջանն Արցախը շրջափակի, իսկ մարդիկ գնան կառավարության դիմաց ցույց անեն։ Սերժ Սարգսյանը կանգնել էր կառավարության դիմաց, որ ի՞նչ»։
Այստեղ մենք հետաքրքրվեցինք․ «Իսկ ո՞ւմ դիմաց ցույց անեն, ՀՀ-ի ստորագրությունը եռակողմ հայտարարության տակ չկա՞»։
Վիգեն Խաչատրյան-Ես ձեր հարցերին․․․ձեր հարցերը․․․ուզո՞ւմ եք օգնեմ կողմնորոշվեք։ ՀՀ-ի զորքերը չեն Լաչինի միջանցքը պահում։
-Պարոն Խաչատրյան, ՀՀ-ի ստորագրությունը կա՞ դրա տակ։
Վիգեն Խաչատրյան-Ի՞նչ եք ուզում։
-Ուզում եմ ձեր իշխանության պատասխանատվության բաժինը փաստեք։
Վիգեն Խաչատրյան-Չեմ հասկանում, ձեր իշխանությունն ինչո՞ւ եք ինձ վերագրում։
–Որովհետեւ հիմա իշխանությունը դուք եք, հո ե՞ս չեմ։
Վիգեն Խաչատրյան-Ախր իշխանությունը ձերն է, ինչո՞ւ եք դրանից ամաչում։
-Ես իշխանություն չեմ, խնդրում եմ՝ մի շեղեք բառամթերքի ուղղությունը։
Վիգեն Խաչատրյան-Ձերն է, ձեր իշխանությունն է։
-Ձեր իշխանության ստորագրությունը չի՞ դրա տակ։
Վիգեն Խաչատրյան-Ձեր իշխանությանը՝ կա, այո։
-Ես եմ երեւի սրա տակ ստորագրել, չէ՞․․․
Վիգեն Խաչատրյան-Կարող է երջանկանայիք, որ դուք ստորագրեիք։
-Աստված չանի․․․
Հ․Գ․ Ուշագրավ է, որ երբ ճեպազրույցն ավարտվել էր, իսկ տեսախցիկները՝ անջատվել, Վիգեն Խաչատրյանը մեր կողքով անցնելիս մեր հասցեին ակնարկեց, թե՝ «ադվոկատություն եք անում»։ Ստիպված տեղից վեր կացա ու հորդորեցի բացատրություն տալ, սակայն Վիգեն Խաչատրյանը շտապում էր միջանցքով հեռանալ։ 2-3 անգամ հետ գալու կոչ անելուց հետո պատգամավորը հետ եկավ, պնդեց, որ ես ոչ թե հարց էի տալիս, այլ գնահատականներ էի հնչեցնում։ Հակադարձեցի, որ հարցեր եմ տվել եւ հիմնավորումներ չեմ լսել։ Ապա խնդրեցի լրագրողի հասցեին որեւէ պիտակավորում չհնչեցնել եւ այդ վարքով չնմանվել իր խմբակցության որոշ անդամներին։ Վիգեն Խաչատրյանը պնդեց, որ լրագրողական էթիկայի շրջանակում մնանք, ես էլ ասացի, որ «ադվոկատության» մեջ հենց նա ինձ մեղադրեց, ոչ թե ես՝ իրեն։ «Եթե հարցերին չունեք պատասխաններ, ձեզ թույլ մի տվեք լրագրողին պիտակավորել, քաղաքավարի ասում եմ»,-ասացի։ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց՝ «ես քաղաքավարի ընդունեցի», ապա հորդորեց ցուցամատը պարզած չխոսել։
-Դա էմոցիայի արտահայտություն էր։
Վիգեն Խաչատրյան-Իմն էլ էր էմոցիա։
-Բայց ես իմ էմոցիաները չարտահայտեցի Ձեզ «ադվոկատ» անվանելով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Դուք որպես լրագրող հստակ սադրում եք։ Ռուսաստանում ձեր նման լրագրողներին նստեցնում են