Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը տեսել է, որ նոր զիջումներ կորզելու հնարավորություն կա

Դեկտեմբեր 16,2022 17:34

«Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը սինքրոն են գործում, միասին որոշել են, որ խաղաղության պայմանագիր կոչվածը դեռ պետք չէ ստորագրել։ Ադրբեջանը կամ ավելի մեծ զիջումներ է ցանկանում կորզել, կամ արտաքին ճնշում կա»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի մարտավարությանը՝ նա մանրամասնեց․ «Երկար ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում էին ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, հայտարարում, որ կան փոխըմբռնման տարրեր։ Հայտարարում էին, որ մինչև տարեվերջ կլինի խաղաղության պայմանագիր։ Տեսանք՝ ինչ-որ պահից սկսած Ալիևի և Փաշինյանի խոսակցական լեզուն փոխվեց։ Սկսեցին սուր սպառնալիքներ հնչեցնել։ Դա առավել ցայտուն երևաց նոյեմբերի 8-ին Ալիևի՝ Շուշիում հնչեցրած ճառից հետո, շարունակվեց հայկական կողմից, բրյուսելյան հանդիպումը տեղի չունեցավ։ Սա վկայում է այն մասին, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը սինքրոն են գործում, միասին որոշել են, որ խաղաղության պայմանագիր կոչվածը դեռ պետք չէ ստորագրել»։

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը տեսել է, որ նոր զիջումներ կորզելու հնարավորություն կա ու պարզաբանեց․ «Փաշինյանն էլ չի խոչընդոտում դրան, տվել է խաղաքարտը։ Խոսքը Պրահայի հայտարարության մասին է, որտեղ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա միջանկյալ մի փաստաթուղթ է, որը կարող է Ադրբեջանը օգտագործել գործընթացը երկարաձգելու և նոր զիջումներ կորզելու համար։ Ունենալով այդ խաղաքարտը նա գնում է ճանապարհի փակմանը, ասում է՝ մեր տարածքն է, մեր բնապահպաններն են, մեր հարստությունն է, այդ ամենը ճանաչում է ՀՀ-ն՝ հարգելի ՌԴ, Եվրոպա, ինչո՞ւ եք մտահոգված»։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը, ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունը հասցեական համարեց ու միևնույն ժամանակ նկատեց․ «Խնդիրն այն է, թե ինչ են ուզում այս իշխանությունները։ Այսօր, երբ ճանապարհը փակ է, նման հայտարարություն են անում, վաղը երբ ճանապարհը բացվի, նորից անցնելու են նույն մեղմ տոնայնությանը։ Մենք պետք է գիտակցենք, եթե մտածում ենք, որ նման իրավական լուծումներով անգամ աշխարհը լուռ չի մնա, կգա կհասնի, կօգնի, միանշանակ է, որ այդ ճանապարհով չենք հասնի ոչնչի։ Արդյոք գիտակցո՞ւմ ենք, որ այս ամենի նպատակն այն է, որ Արցախում չլինի հայ։ Բայց այս իշխանությունների գործողություններն ապացուցում են, որ այս գիտակցումը չկա։ Մենք այսօր դեռ չենք կարողացել անել այնպես, որ այս հարցը դառնա միջազգային օրակարգ։ Բայց եթե ռուս խաղաղապահները որևէ սադրանքի տրվեին Լաչինի միջանցքի հարցում, այն միանգամից կդառնար միջազգային օրակարգի հարց»։

Ռազմական և հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը փաստեց՝ ուժը ծնում է իրավունք ու վստահեցրեց․ «Մեր թշնամի պետության ղեկավարը վախկոտ է։ Եվ այդ վախկոտները վախենում են, երբ տեսնում են ուժ։ Մենք դա տեսել ենք մեր պայքարների ժամանակ։ Երբ իրենք տեսել են, որ մենք պայքարում ենք, չենք թողնում, որ պետության գողերը շարունակեն իրենց լավ զգալ ու մնալ աթոռներին, երբ տեսնում են, որ հայն արթնացել է, ադրբեջանցին փախել է։ Մի մոռացեք մեր պատմությունը, որը մի քանի տարի առաջ էր»։ Ըստ նրա՝ ամեն բան արվում է, որ արևմուտքին ու Թուրքիային բերեն, կանգնեցնեն այս տարածաշրջանում․ «Այս տարածաշրջանում կլինի խաղաղություն, բայց կլինի այն ժամանակ, երբ մենք կլինենք հաղթողը։ Ցեղասպանը չի կարող խաղաղություն բերել։ Այսօր փակել են ճանապարհը, հինգ րոպեից կբացեն ճանապարհը, արդեն ցույց են տալիս, որ շարունակելու են նույն սադրանքներն անել, եթե մենք դրա դեմը չենք առնում։ Մենք մի ձև ունենք դրա դեմն առնելու՝ պայքարելով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031