Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիից՝ Երեւան, հաջորդը Երեւանն է». ըստ Արման Թաթոյանի, ադրբեջանցի «էկոլոգների» բերանով խոսում է այդ երկրի կառավարությունը

Դեկտեմբեր 16,2022 17:22

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, Երեւանում՝ ի պաշտպանություն Արցախի, մեկնարկած բողոքի ցույցերի արդյունքում է նաեւ, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը եւ նման ցույցերով է հնարավոր կանխել ադրբեջանական «էկոլոգիական» կեղծիքները, որով, միակողմանի եւ կանխակալ լուսաբանմամբ, ադրբեջանական կողմը ողողում է միջազգային մամուլը։

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որտեղ անժամկետ նստացույց է հայտարարել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, շարունակվող ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ասաց. «ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը միակ կազմակերպությունն է, որը նշված է եռակողմ հայտարարության մեջ, մինչեւ հիմա ոտք չեն դրել Արցախ։ Սա ոչ միայն Արցախի դեմ է, այլեւ՝ Հայաստանի, հայկականության, եթե մենք մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, միանգամից, ամեն հարցում պարտվելու ենք»:

Այլ ելք, քան համախմբվելն է, Արման Թաթոյանը չի տեսնում:

Բանախոսի դիտարկմամբ՝ անպատժելիությունն է, որ Ադրբեջանին դրդում է սանձարձակության եւ միջազգային կառույցները պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն, նաեւ ցույց տալու համար, որ իրենց համար մարդու իրավունքներն են կարեւոր, որոնց մասին այդքան խոսում են, ոչ թե տնտեսական ու քաղաքական շահերը: Նրա կարծիքով, համակողմանի եւ բազմակողմանի, լայնածավալ աշխատանք պետք է տարվի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ՝ աշխարհին իրականությունը ներկայացնելու համար:

Վկայակոչելով ադրբեջանցի «էկոլոգների» այն հայտարարությունները եւ հրճվանքը՝ «Շուշիից՝ Երեւան, հաջորդը Երեւանն է» եւ այլն, Արման Թաթոյանը նկատում է, որ իրականում նրանց բերանով խոսում է Ադրբեջանի կառավարությունը եւ այստեղ է, որ հայկական ուժերը նույնպես պետք է մեկտեղվեն՝ դիմագրավելու համար: Բերձոր միջանցքի փակման հարցը Արման Թաթոյանը համազգային հարց է համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031