«Այն երաշխիքները, որոնք ձեւավորված են եռակողմ հայտարարությամբ, նույն արդյունավետությամբ չեն աշխատում, ինչպես որ աշխատում էին մինչեւ 2021-ի փետրվար-մարտ ամիսներին եւ շատ բնական է մեր պահանջը, որ մեր անվտանգության երաշխիքները պետք է համալրվեն միջազգային մեխանիզմներով»,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ կայացած Արցախի ապաշրջափակման պահանջով հերթական ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Բերձորի միջանցքի անցած հինգ օրերի փակ լինելը, նաեւ դեկտեմբերի 3-ին միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից հիմք են հանդիսանում նման եզրակացության համար: Ըստ Արցախի ՄԻՊ-ի, այդ է պատճառը, որ ի պաշտպանություն Արցախի ցույցերի ժամանակ թիրախավորվում են միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակները եւ փոխանցված բոլոր նամակներում կա պահանջ՝ խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելու մասին, քանզի Ադրբեջանին զսպելու այլ մեխանիզմներ չկան: Ըստ բանախոսի, 44-օրյա պատերազմից հետո, ուժային բալանսը խախտված է, ուստի հայկական կողմին պետք են միջազգային մեխանիզմները՝ խախտված բալանսը վերականգնելու, ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար:
Գեղամ Ստեփանյանը չի տարանջատում, նա գտնում է, որ էթնիկ զտման վտանգն ահագնանում է ամեն օր եւ այս խնդիրներով հավասարապես պետք է զբաղվեն թե ՀՀ, թե Արցախի իշխանությունները, թե հայկական Սփյուռքը՝ դիվանագիտական, իրավական, քաղաքական եւ մնացյալ բոլոր հարթակներով:
Գեղամ Ստեփանյանը կիսում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այն մտահոգությունը, որ Բերձորի միջանցքի փակ լինելու ողջ ընթացքը լուսաբանվում է միակողմանի՝ ադրբեջանական պետական լրատվամիջոցների միջոցով:
Արցախի ՄԻՊ-ի համոզմամբ, միջանցքի բացումը չպետք է արցախյան կողմից զիջումներով լինի եւ ադրբեջանական կողմը որեւէ ներգրավվածություն կամ հասանելիություն չպետք է ունենա Արցախի փաստացի անկախ կարգավիճակի վրա, որեւէ ինտերվենցիա չպետք է ունենա Արցախի ներքին կյանքի կազմակերպման վրա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ