«ՀՀ իշխանությունները վաղուց են զիջումների գնում՝ առաջին իսկ օրվանից, նոյեմբերի 9-ից հետո մշտապես գնում են զիջումների։ Այս ամենը զիջումների արդյունքն է»,-դիտարկմանը՝ արցախցին անկոտրում է, զիջումների չի գնում և հարցին՝ իսկ վտանգ չկա՞, որ ՀՀ իշխանությունները կգնան զիջումների, Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
Նա վստահեցրեց՝ այն պնդումները, թե պետք չէ համապատասխան բառապաշար օգտագործել, որը կդրդի Ադրբեջանին պատերազմական գործողությունների դիմել, չի համապատասխանում իրականությանը։ Ու հավելեց․ «Փաշինյանն էլ է նման բառամթերք օգտագործում իր ելույթների արանքներում, բա ինչո՞ւ պատերազմ չի սկսվում։ Չկա նման բան։ Դա ուղղակի մանիպուլյացիա է, որ եկեք այս շեշտն ավելի նուրբ վերցնենք, սա չասենք, որ պատերազմ չլինի։ Դա հստակ պայմանավորվածությունների արդյունք է, որ չպետք է արտաբերվեն որոշակի արտահայտություններ, ինչը հերթական զիջումների շարքից է»։
Վահագն Մելիքյանը ցավով նշեց, որ լուրջ խնդիր ունենք նաև օտար պետություններում աշխատանքի հարցով։ Նա փաստեց․ «60-ից ավելի երկրում ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնցից շատերը փակում են երեք-չորս երկիր։ Հարյուր երկիր այսօր պետք է ոչ միայն դատապարտեր, այլև շատ կոշտ շեշտադրումներով հայտարարություններ անեին։ Բայց ես չեմ տեսել դա։ Տեղյակ չեմ, թե ինչպես են դեսպանատները աշխատում սփյուռքյան լոբբիստական կառույցների հետ։ Բայց երբ ցեղասպանության գլոբալ ֆորում են անում և այդտեղ Հայ դատի ներկայացուցիչները, որոնք ընդգծված դրոշակակիրներն են ցեղասպանության դատապարտման, ներկա չեն, դա մտահոգիչ է։ Այդ հսկայական ներուժը դնել մի կողմ և բացարձակապես չօգտվել դրանից, ասել գնացեք՝ ձեր օրակարգով զբաղվեք, ասել՝ մենք կկազմակերպենք մեր գագաթաժողովը, որտեղ անճանաչելի մարդիկ են, որոնք ոչ ճանապարհ են անցել, ոչ հետագիծ ունեն, գալ 21-րդ դարին հարիր բառամթերքով՝ անգլերենին հարիր բառամթերքով խոսել, սա մեծագույն մոլորություն է»։
Ըստ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի՝ Երևանը պետք է սփյուռքյան կառույցներին հանձնարարականներ տա, մինչդեռ այդ ներուժը չի օգտագործվում, ինչի պատճառով այդ մարդիկ մոլորված են, չգիտեն՝ ինչ անեն։ Վահագն Մելիքյանը շեշտեց՝ 30+ տարի պատերազմի մեջ ենք ու կարծիք հայտնեց, որ մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ մի ժամանակահատված մեզ թվացել է, որ մենք պատերազմի մեջ չենք։
Կարդացեք նաև
Նաև անդրադարձավ իր ձևակերպմամբ՝ «շատ վատ ձևով տարվող հակառուսականությանը» ու նշեց․ «Ամենօրյա ռեժիմով թիրախային աշխատանք է տարվում այս ուղղությամբ։ Եկեք իրերին պարզ աչքերով նայենք։ Այսօր կան խնդիրներ շատ հստակ, այսօր ոչ թե այդ հայտարարություններն արվում են հայանպաստ կամ թեկուզ արցախանպաստ, այլ արվում են առաջ մղելու այն գաղափարը, որ շատ լավ է, տղերք առաջ տարեք, էս մարդկանց հանելու ենք ռեգիոնից»։
Ըստ Վահագն Մելիքյանի՝ Իրանի հետ հարաբերությունները և համագործակցությունը պետք է բերվի օրակարգ․«Թիրախային, հասցեական հայտարարություններն այստեղ են, համոզված եմ, որ սա որոշակի արգելակող դերակատարում է ունեցել որոշ շրջանակների համար որոշ գործողություններ ձեռնարկելու համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ