«Ցավով արձանագրենք, որ իշխանությունն իրեն անհաղորդ է պահում, ինչի վկայությունն էր արտահերթ նիստում իրենց ընդունած անատամ, վտանգավոր հայտարարությունը։ Դրանում անգամ «ԼՂ հանրապետություն» չկա։ Դա Ադրբեջանը որպես զենք է օգտագործելու միջազգային հարթակներում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունը չգործադրեց միջանցքի բացման համար անհրաժեշտ որեւէ գործիքակազմ։ Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի կոչին, որ եթե ընդդիմությունը սիրում է Արցախը, թող գնա պաշտպանելու, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ցավում եմ, որ ՀՀ-ում նման պատմության ուսուցիչ է եղել։ Իմ համար շատ անձնական հարց է նրա ասածը, ուստի ավելի լավ է զսպվածություն ցուցաբերեմ ու չմեկնաբանեմ»։
Ինչ վերաբերում է այս իրավիճակում խաղաղապահների գործառույթներին, Գեղամ Մանուկյանը շեշտեց․ «Ակնկալելի է, որ խաղաղապահներն ավելի կտրուկ գործեին, բայց զսպվածությունը հաշվարկների վրա է։ Բայց ՀՀ իշխանությունն այս դեպքերն օգտագործեց՝ ԱԺ ամբիոնը ծառայեցնելով ՌԴ-ի դեմ ելույթներ ունենալու, հնարովի բաներ ասելու համար։ Սեփական անգործությունը փորձում են բարդել ուրիշների վրա։ Ի դեպ, միջանցքը փակելուց հետո տեղի ունեցավ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց, հետո՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց։ Հետո քար լռություն էր։ ՀՀ իշխանության կողմից 2-3 օր լռություն էր, մինչեւ երեկ Նիկոլ Փաշինյանը մի քիչ խոսեց միջանցքի մասին, հետո հեզասահ անցավ իր սիրած թեմային՝ ասֆալտին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ