«Բացի նրանից, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին անընդհատ ստացվում են տարբեր թեմաների եւ տարբեր իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգեր, նաեւ ձեւավորվել է աշխատանքային 2 փաստահավաք խումբ՝ ՄԻՊ աշխատակազմում, որոնք տարբեր ուղղություններով իրականացրել են մշտադիտարկում»,-նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ:
Նրա խոսքով․ «Մի ուղղությունը հիմնականում կենտրոնացած էր բժշկական հաստատություններում արձանագրվող խնդիրները վեր հանելու վրա, մյուսը՝ գազամատակարարման անջատմամբ պայմանավորված խնդիրներն արձանագրելու եւ դրանց վերաբերյալ փաստեր հավաքագրելու վրա։ Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ եւ ՀՀ եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները նման ճգնաժամային իրավիճակներով շատ են անցել։
Եթե համեմատենք այլ երկրների ՄԻՊ-երի հետ, որոնց խնդիրները լրիվ այլ են, մենք կարծես անընդհատ նույն ճգնաժամային իրավիճակներում ենք, ուստի համապատասխան իմունիտետ է ձեռք բերված ու պրակտիկա է ձեւավորված։ Հենց նման իրավիճակ է լինում, ամեն մարդ գիտի, թե ինչ պետք է անի, ինչպես աշխատի»։
Գեղամ Ստեփանյանը նաեւ հավելեց․ «Սկսվում են նաեւ բաց աղբյուրներում տարածվող ատելության խոսքի մշտադիտարկումները, ադրբեջանական հանրային գործիչների հայտարարությունների դիտարկումը՝ նպատակ հետապնդելով հավաքագրել հնարավորինս շատ փաստեր, եւ զեկույցն այնպիսի հագեցածությամբ ներկայացնել, որ որեւէ մեկի մոտ այլեւս կասկած չմնա, թե ինչ է անում Ադրբեջանը եւ որն է Ադրբեջանի նպատակը։ Այդ պրակտիկան այս անգամ եւս շատ լավ գործեց՝ համատեղ զեկույցի պարագայում։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի համար շատ կարեւոր էր, որ այդ զեկույցը լինի համատեղ, որովհետեւ ՀՀ ՄԻՊ-ի խողովակը մեզ համար նաեւ արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորություն է։ Հաստատ զեկույցն ավելի շահում է, եթե լինում է համատեղ»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի