Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն Բերձորի միջանցքին», «Միացում». ուսանողների երթն ու ցույցը Երեւանում, ԵՄ գրասենյակին փոխանցված պահանջը

Դեկտեմբեր 16,2022 16:01

«Ազատություն Բերձորի միջանցքին», «Արցախ, Սփյուռք, Հայաստան» վանկարկումներով եւ «Դադարեցրեք մարդկության դեմ ուղղված հանցագործությունը», «Բացեք հույսի ճանապարհը», «Դադարեցրեք նոր ցեղասպանությունը» պաստառներով հայաստանցի ուսանողներն այսօր էլ քայլերթ կատարեցին Երեւանի փողոցներում, այդ պահանջներն ամփոփող նամակներ փոխանցեցին Հայաստանում Եվրամիության գրասենյակին, կարճ ցույցեր արեցին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հաստատությունների առջեւ:

Ցույցի կազմակերպիչները Երեւանի տնտեսագիտական համալսարանի ուսանողներն էին, նրանց էին միացել ուսանողական խմբեր նաեւ ԵՊՀ-ից եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից: Ինչպես քայլերթի մեկնարկին հայտարարվեց՝ նպատակն է նաեւ, որ ինչպես արցախյան առաջին շարժման ժամանակ ուսանողությունը դարձավ շարժիչ ուժ, այնպես էլ այսօր ուսանողությունը համախմբվի եւ տեր կանգնի իր վաղվա օրվան: «Մեզնից է կախված՝ կլինենք գործոն, թե՞ գործիք»,- հայտարարում էին բանախոսները՝ հավելելով, որ պետք է դուրս գալ՝ արցախցի, երեւանցի տարանջատումներից, բոլորս էլ հայ ենք եւ մեկ պահանջ ունենք, իսկ ուսանողների ձայնն ամենալսելին է:

Բանախոսներից մեկն ասաց, որ երեկ եւ առաջին օրը այն միջազգային կառույցներից, որտեղ իրենք եղել են եւ պահանջագրեր են փոխանցել, իրենց հարցրել են, թե ինչո՞ւ են Հայաստանում այդքան քիչ մարդիկ մասնակցում այս ցույցերին:

«Սա պարզապես ամոթ է եւ ես պահանջում եմ, որ գոնե Արցախում պատանդի կարգավիճակում գտնվող 120 հազար քաղաքացիներին համարժեք թվով, եթե ոչ ավելի, մարդ միանա ցույցերին»,- հայտարարեց ուսանողուհին՝ հուսով, որ իր կոչին անսացողներ կլինեն: Հավաքվածներն էլ վանկարկում էին՝ «Միացում»: Բողոքին միանալու կոչերը ուղղված էին նաեւ դասախոսներին:

Ցույցին մասնակից արցախցի երիտասարդն էլ դիմեց հենց արցախցի ուսանողներին՝ կոչ անելով, որ իրենց կուրսերում կազմակերպեն եւ ոտքի հանեն ուսանողներին, ոչ թե տաք սենյակներում նստեն ու մտածեն, թե ինչպե՞ս են առաջիկա քննությունները հանձնելու, որովհետեւ, մինչ այդ ավելի կարեւոր քննություն պետք է հանձնեն:

Ուսանողները հայտարարում էին, որ իրենց պայքարն իշխանության համար չէ, այլ Արցախի համար, որ իրենց ետեւում քաղաքական ուժեր չկան կանգնած ու կոչ էին անում՝ միանալով ցույցերին եւ պահանջներին՝ «մեկ հոգով փոխել 120 հազար մարդու կյանք»:

Ուսանողները երթով անցան մի քանի բուհերի մոտով, ապա շարժվեցին դեպի Հայաստանում ԵՄ գրասենյակ, որտեղ նաեւ պահանջագիր փոխանցեցին. «Պահանջագրի առաջին կետը կատարված է, Արցախում արդեն կա գազամատակարարում: Պահանջում ենք կատարել նաեւ պահանջագրի մյուս դրույթը եւ բացել դեպի Արցախ ճանապարհը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031