Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը հերքում է ոստիկանության ստացած ահազանգը

Դեկտեմբեր 16,2022 15:25

Aravot.am-ը հրապարակել էր, որ ՀՀ ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց ՀՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, հաստատապես իմանալով ընկերությունում գրանցված գովազդի և մարքեթինգի գծով մասնագետ Ս․ Գ-ի, պահակներ Ս․ Վ-ի եւ Կ․ Թ․-ի կողմից 2022թ. հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու հանգամանքների մասին, վերջիններիս անվամբ հաշվարկել և ելքագրել են աշխատավարձի գումարները։ Ըստ նույն աղբյուրի, արդյունքում հափշտակվել է 974.000 դրամ:

Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Aravot.am-ը մինչ ոստիկանության ստացած այս ահազանգի վերաբերյալ հրապարակումը՝ մեկնաբանություն ստանալու համար փորձել էր կապվել Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ։ Մարզադպրոցից ասացին, որ տնօրենը տեղում չէ։ Կապվեցինք փոխտնօրեն Ֆանարջյանի հետ։ Նա էլ պատասխանեց, որ մեկնաբանություն տալու իրավասություն չունի եւ չի ցանկանում որեւէ հարցազրույց տալ։

Այժմ գրություն ենք ստացել «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ–ից, որում հերքվում են ոստիկանության ստացած ահազանգում պարունակվող տեղեկությունները, դրանք անվանվում են «անընդունելի և իրականությանը չհամապատասխանող»։

Մասնավորապես նշված է․ «Երբ բախվում ենք իրականությանը, պարզ է դառնում հետևյալը, որ մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատուի իրականացրած աշխատանքն ամենօրյա է, մեծամասամբ ՀՈԱԿ-ի աշխատանքը կախված է նաև նրա աշխատանքի որակից, որը գնահատվում է դրական և արդյունավետ:

Ինչ վերաբերվում է պահակների իրականացրած աշխատանքներին, իրավիճակը հետևյալն է. հոդվածում հիշատակված պահակներն իրականացնում են գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի հին մասնաշենքի պահպանումը, իսկ նոր մասնաշենքի պահպանության աշխատանքները վստահված է «ԱՐՄՈԲԻԼ» պահնորդական ընկերությանը: Բացի դրանից հին կիսափուլ շենքի պահպանությունն իրականացվում է հերթափոխային աշխատառեժիմով՝ յուրաքանչյուր պահակ աշխատում է 14 – ժամյա ռեժիմով՝ 19։00-ից 09։00, ինչպես նախատեսում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:

Ի հավելումն նշենք, որ նրանք իրենց աշխատավարձները ստացել են աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետներում՝ իրենց կատարած ծառայությունների դիմաց»։

Լուսանկարը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031