Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կարատեի միությունը նոր նախագահ ունի

Դեկտեմբեր 16,2022 15:20

Օրերս Հայաստանի կարատեի միության խորհրդի անդամները, միաձայն որոշմամբ, 3 տարով միության նախագահ ընտրեցին Արշակ Գրիգորյանին։ Միության նորընտիր նախագահը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Պուշկինո շրջանի հայ համայնքի ազգային մշակութային ինքնավարության ղեկավարն է։

«Ինձ համար մեծ պատասխանատվություն է, միաձայն ընտրվել միության նախագահ ու ստանձնել այս կարևոր պաշտոնը, որն իրենից մեծ առաքելություն է պահանջում»,- ընտրությունից հետո ասաց Հայաստանի կարատեի միության արդեն նորընտիր նախագահ Արշակ Գրիգորյանը։

«Սպորտով երկիր են ճանաչում, դրա համար, ի պաշտոնե, ես անելու եմ առավելագույնը, որպեսզի Հայաստանի կարատեի միությունը, իմ պաշտոնավարության ընթացքում, ունենա միմիայն հաջողություններ՝ միջազգային կարատեի ամենաբարձր ասպարեզներում ձեռքբերումներ ու նվաճումներ գրանցի»,- վստահեցրեց միության նորընտիր նախագահն ու հստակեցրեց, որ միության առաջընթացի համար պետք է գործի դնել և՛ ֆինանսական ամենատարբեր աղբյուրները, և՛ միջազգային կապերը։

«Ուրախ եմ, որ Հայաստանի կարատեի միության նախագահի կարևոր պաշտոնը, 3 տարով ստանձնեց Արշակ Գրիգորյանը։ Երկար տարիներ ճանաչելով Արշակին, ավելին քան վստահ եմ, որ նրա հետ մեր համագործակցությունը երկար տարիներ կշարունակվի և կունենանենք հաջողություններ»,- վստահեցրեց Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, ում առաջարկով էլ միության նախագահի պաշտոնում ներկայացվել է Արշակ Գրիգորյանի թեկնածությունը։

«Վերջերս, երբ մի քանի կարևոր հանդիպումներով մեկնել էի Մոսկվա, հենց այդ ժամանակ էլ, առաջարկեցի Արշակ Գրիգորյանին ներկայացնել իր թեկնածությունը՝ միության նախագահի պաշտոնում։ Արշակի համաձայնությունը ստանալով, նրան ներկայացրեցի միության խորհրդի անդամներին։ Արդյունքում, խորհրդի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին Ա Գրիգորյանի թեկնածությանը և նա այսօրվանից հանդիսանում է Հայաստանի կարատեի միության նախագահը»,- ներկայացրեց Կամո Ունանյանը։

Հայաստանի կարատեի միությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Միության հիմնադիրը կարատեի Եվրոպայի և Աշխարհի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանն է: Հիմնադրումից ի վեր միությունը ակտիվ գործունեություն է ծավալել, Հայաստանը պատվով ներկայացնելով միջազգային մի շարք մրցաշարերում։ Միությունը 2020 թվականին մասնակցել է 3, իսկ 2021 և 2022 թվականներին՝ 4 միջազգային կարևոր մրցաշարերում։

Հայաստանի կարատեի միության լրատվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել