Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու իրավիճակով պայմանավորված ՀՀ ԱԺ-ում էր՝ մասնակցելու խորհրդարանական խմբակցությունների հետ փակ քննարկումների։ ՔՊ-ականների հետ հանդիպումից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ իրենք պաշտոնապես ասել են, որ Արցախի հարցը միշտ լինելու է կենտրոնում եւ որ ՀՀ-ն երբեք ձեռքերը չի լվանալու Արցախից։
«Սա շատ կարեւոր ուղերձ է։ Արցախի շուրջ մոտեցումը միասնական պետք է լինի։ Տարբեր հարցեր ենք քննարկել, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համատեղ աշխատանքը։ Կա պատրաստակամություն, պետք է շարունակել»,-նշեց Դավիթ Բաբայանը։
Նա նաեւ ասաց, որ ՀՀ-ի, Արցախի եւ սփյուռքի ջանքերը պետք է ուղղվեն Արցախին, որովհետեւ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է։ Դավիթ Բաբայանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի՝ Բերձորի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու պահանջը հիմնավոր չէ, իրենց համար դա անընդունելի է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ