Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, գազը չի եկել։ Մինչև գազի փականը մեր ձեռքում չլինի, ես չեմ ընդունելու, որ գազ ունենք»․ Թևան Պողոսյան

Դեկտեմբեր 16,2022 15:08

«Ամենակարևոր հարցն է՝ ինչ անել։ Պետք է ամեն օր առավոտյան արթնանանք ու մենք մեզ ասենք՝ պատերազմը չի ավարտվել, հիմա պատերազմ է։ Հիմա մենք գտնվում ենք պատերազմի մեջ»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը։

Թևան Պողոսյանը նշեց՝ այստեղ տեղեկատվական պատերազմի զինվորներն են կանգնած՝ սահմանին ռազմական զինվորները, ԱԺ-ում պիտի որ լինեին օրենսդիրի զինվորները, դատական համակարգում դատական զինվորներն են, գործադիրում էլ կառավարման զինվորները պետք է լինեին, որոնց, ցավոք, ըստ փորձագետի՝ չկան։ Նա համոզված է՝ եթե այս հոգեբանությամբ ապրենք, մեր վարքագծում շատ բաներ կփոխվեն։ Նա սխալ մոտեցում է համարում այն, որ այսօր քննարկում ենք, թե լավ է, որ գազամատակարարումն Արցախում վերականգնվեց։ Այս առիթով ասաց․ «Ոչ, գազը չի եկել։ Մինչև գազի փականը մեր ձեռքում չլինի, ես չեմ ընդունելու, որ գազ ունենք։ Այսօր եղբայրներս, քեռիներս, հորեղբայրներս, ընկերներս, ով Արցախում կա, մի քիչ տաք կլինեն, բայց մենք պետք է ապրենք ու քայլեր անենք այն գաղափարախոսությամբ, որ գազը չի եկել»։

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը գազամատակարարումը վերականգնել է ոչ թե մեզ համար, այլ իր։ Նա ասաց․ «Հո Ադրբեջանը չի՞ դարձել հումանիզմի գագաթնակետ, մտածել, թե վայ, ցավներդ տանեմ, եկեք գազ տանք ձեզ։ Պիտի հասկանանք՝ ինչն է հաշվարկել իր շահերում, երկարատև ռազմավարությո՞ւն է, միջազգային ճնշման ներքո՞ է, թե՞ մեզ բթացնելու համար»։

Անդրադառնալով ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ դեկտեմբերի 12-ից փակ լինելու փաստին ու այդ առիթով քննարկումներին՝ Թևան Պողոսյանն ասաց․ «Բոլորն ասում են՝ ճանապարհն էսօր կբացվի, վաղը կբացվի և այլն։ Բայց պետք է հասկանանք, որ ոնց կբացվի, այդպես էլ կփակվի։ Մեր ընկալման մեջ պիտի ձևավորենք այն, որ եթե ունենք ճանապարհ, ապա այն պիտի լինի ՀՀ-ի և ԱՀ-ի վերահսկողության ներքո։ Դա պետք է լինի մեր նպատակը, միայն չասեք, թե հնարավոր չէ․ 1992-1994 թվականը ձեզ վկա։ Եթե այդ ճանապարհը մեր վերահսկողության ներքո չէ, ես համարելու եմ, որ դա իմը չէ և կարող է ցանկացած ժամանակ փակվել»։

Խոսելով միջազգային հանրության արձագանքի մասին՝ Թևան Պողոսյանը նկատեց՝ չի կարծում, որ տեղյակ չեն, ուղղակի այլ կերպ պետք է նրանց հետ աշխատել․ «Միջազգային հանրությունը կարող է ազդվել նկարներից ու պատկերներից, բայց քանի՞ նկար ու պատկեր ստացանք այս օրերին։ Մենք պետք է ճիշտ կերպով աշխատենք։ Թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն, բայց դա միայն մկանները չեն, այլ ոգին, ինչը ցույց տվեցին արցախցիները»։

Անդրադառնալով Երևանում ի պաշտպանության արցախցիների կազմակերպված ցույցերին ՝ Թևան Պողոսյանը նշեց՝ դրանց մասնակցելը նաև ցավը կիսելու դրսևորում է․ «Չգնայիք Հանրապետության հրապարակ, գնայիք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Արցախի կառավարության անդամների կողքին կանգնեիք։ Բայց, ցավոք, շատ դեպքերում, մենք ցավը տանելը չգիտենք, սիրել չգիտենք, միասնական լինելու արժեքը չենք հասկանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031